«Մշակութային ժառանգություն եւ խաղաղություն». միջոցառում `«Արտակ Մանուկյան» թանգարանում

Մայիսի 17-ից Իրանում նշվեց մշակութային շաբաթ, որի յուրաքանչյուր օրը նշանավորվեց յուրահատուկ անվանումով, եւ համաիրանական մասշտաբով տեղի ունեցան միջոցառումներ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանից:
Մայիսի 23-ի երեկոյան՝ հիշյալ շաբաթվա վերջին օրը, որը կոչվում էր` «Մշակութային ժառանգություն եւ խաղաղություն» Ս. Աստվածածին եկեղեցու շրջափակում գտնվող «Արտակ Մանուկյան» թանգարանում կազմակերպվել էր ծրագիր՝ ներկայությամբ երկրի մշակութային ժառանգության կազմակերպության բարձրաստիճան պատասխանատուների, Իսլ. Խորհրդարանում հրեաների, ասորիների եւ իրանահայության զույգ պատգամավորների, Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ` տկն. Լարուշի, Իրանում ՀՀ դեսպանության մշակութային կցորդ` Սահակ Եղիազարյանի, Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի ատենապետ` Ռուբիկ Կարապետյանի, քահանա հայրերի եւ մեծ թվով լրագրողների ու հյուրերի:
Միջոցառմանը ցուցադրվեց տեսաֆիլմ, որը պատկերում էր Իրանում բոլոր եկեղեցինեը եւ տարվող վերանորոգչական աշխատանքները: Ընթացքում եղան արտահայտություններ, ներկաներին խոսք ասաց մշակութային ժառանգության կենտրոնների հարցով գերատեսուչ` պրն. Ազիզին, ով կարեւորեց միջազգային հանրությանը Իրանի մշակութային բազմաոլորտ ժառանգության ծանոթացնելը, որը կնպաստի Յունեսկո-ի կարգախոսին, որն է` մշակութային ժառանգության միջոցով հասարակական կարծիքի մոտ խաղաղության գիտակցության ստեղծումը:
Արտահայտվողներից էր Եկեղեցիների համաշխարհային Ժառանգության Կենտրոնի տնօրեն` Շեռլի Ավետյանը, ով անդրադարձավ կենտրոնի անցած ուղուն եւ տարած աշխատանքներին՝ նշելով որ կենտրոնի նպատակն էր համայն Իրանի եկեղեցիների պահպանումը եւ վերանորոգչական աշխատանքները:
Հրավիրվեց արտահայտվելու Մշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի նախագահ Սեյեդ Մոհամմադ Բեհեշտին. նա կարեւորեց այն հանգամանքը, որ ժողովուրդներին եւ նրանց մշակութային հարստությունները ճանաչելով ի զորու կլինենք փոխհասկացության գալու, որը միջոց է կանխելու հակամարտությունները եւ պատերազմները: Միմյանց նկատմամբ ճանաչողություն չունենալը նշանակում է քայլել մթության մեջ, որը հանգեցնում է բախումների:
Հրավիրվեց արտահայտվելու Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր` Ռոբերտ Բեգլարյանը, որը իր արտահայտությունների ընթացքում անդրադարձավ տարածաշրջանային պատերազմներին եւ մշակութային կոթողների ավերմանը մի շարք բաշիբոզուկների միջոցով ինչպես Բուդդայի արձանի ավերմանը, կամ Արաքս գետի մյուս ափին ադրբեջանցիների կողմից հազարավոր խաչքարերի ավերմանը եւ ավելացրեց, որ առաջին հայացքից դժվար է թվում համոզվելու թե մշակութային ժառանգությունը կարող է հանգել խաղաղության, սակայն երբ պահպանվում են մշակութային կոթողները, ինչպես կատարվում է Իրանում, ահա այդ ժամանակ կարելի է ասել որ մշակութային հարստությունը ենթահող է ստեղծում կանխելու պատերազմները: Նա կարեւորեց քաղաքակրթությունների երկխոսությունը պատերազմները կանխելու առումով:
Ծրագրի ընթացքում հրավիրվեց արտահայտվելու տկն. Լարուշը, որը հիացմունքով անդրադառնալով Իրանում հայկական մշակութային կոթողների մասին ինչպես Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի վերաբերյալ, գնահատանքով անդրադարձավ Իրանում եկեղեցիների միջազգայնորեն գրանցման կապակցությամբ տարվող աշխատանքների մասին դա համարելով կարեւոր խորհրդանիշը, որը հակասում է տարածաշրջանային ծայրահեղականությանը: Վերջում հրավիրվեց արտահայտվելու մշակութային ժառանգության կազմակերպության փոխ-տնօրեն Մուհամմադ Հասան Թալեբյանը կարեւորելով Իրանում զանազան ազգությունների եւ կրոնների հետեւորդների խաղաղ գոյակցությունը եւ նշեց, որ մշակութային ժառանգությունները միջազգային գրանցումը պատրվակներ են` ճանաչելու մշակութային արժեքները, հարգենք դրանք եւ դրանց ընդմիջից հանգենք խաղաղության:
Ծրագիրը հագեցած էր գեղարվեստական կատարումներով, ուր քնարի կատարումով հանդես եկավ երիտասարդ կատարող Մերեդիթ Մովսիսյանը, իսկ երգերով Շաքե եւ Հանրի Հարությունյանները, որոնց դաշնամուրային կատարումով ընկերակցում էր Լուիզա Ավետիսյանը:
Հավարտ միջոցառման գնահատագրեր հանձնվեց այն շատ պարտասխանատուներին ու հիմնարկներին, որոնք միշտ նպաստել են մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ` Ռուբիկ Կարապետյանին եւ Շեռլի Ավետյանին: