«Ես ուզում եմ, որ հերոսացումն այսուհետ լինի ոչ թե մարտի դաշտում, այլ՝ գիտության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում». Զինաիդա Գրիգորյան
Մեզանում, ցավոք, հաճախ այնքան էլ չի կարևորվում բուժքրոջ դերը, սակայն հիվանդին ու բժշկին ամենից մոտ կանգնած մարդն ու անմիջական լավագույն օգնականը բուժքույրն է:Այս գոյական անվան երկրորդ՝ քույր արմատն արդեն այնքա՜ն բան է ասում…«Քո՛ւյր, օգնիր, , քո՛ւյր, վատ եմ…»,- հաճախ ենք լսում կյանքում, ֆիլմերում. լսելով գթասրտություն, օգնություն աղերսող այս բառերը՝ քույրը չի ուշացել, չի հապաղել, չի դժգոհել: Քույրը, բուժքույրը, ում հոգածությամբ, նվիրումով,հաճախ էլ՝ կյանքին սպառնացող վտանգով շատ վիրավոր զինվորներ են ապաքինվել արցախյան առաջին գոյամարտի տարիներին, այսօր էլ շարունակում է աշխատել Կենտրոնական զինվորական հոսպիտալում և նույն հոգատարությամբ, սիրով, նվիրումով կատարել իր պարտքն այնպես, ինչպես զինվորը մարտադաշտում:Զինաիդա Գրիգորյանի ապրած կյանքի ոդիսականի արտացոլումը դաջվել է նրա դեմքին, մեր զրույցի ընթացքում՝ արցունքներով լի տխրամած աչքերում: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ամուսնուն կորցրած հայուհին ճակատագրի բերումով 2015թ. մարտ ամսին, ազերիների իրագործած դիվերսիայի գործողությունների ընթացքում, կորցրեց և իր քաջարի, սիրասուն թոռանը՝ Արշակին, ում մասին գրված գրքի էջերում զետեղած լուսանկարներն ինձ ցույց տալիս ՝անզոր էր զսպել անպատմելի վիշտը…Զինաիդա Գրիգորյանի կյանքի անցած ճանապարհները՝թ՛ե խաղաղ թվացող տարիներին, թե՛ պատերազմի ժամանակ հերոսապատում են՝անթարգմանելի, զարմանալի, որոնց մասին նա պատմում է մաքրամաքուր, գեղեցիկ, գրական հայերենով և անթաքույց տխրությամբ:
«Ուզում էի բանասեր դառնալ, սակայն պապիս խորհրդով ու խնդրանքով դարձա բուժքույր: 34 տարի՝ այս հիվանդանոցի բացման օրից մինչ այժմ աշխատում եմ այստեղ: Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին մեկնեցի ճակատ՝ Հադրութ: Մինչև հիմա մտածում եմ, թե ինչպես կարողացա թողնել երեք երեխաներիս և մեկնել մարտի դաշտ , որը մինչ այդ մեզհամար անիրական մի բան էր. պատերազմ տեսել էի միայն ֆիլմերում: Բուժքույրեր էին անհրաժեշտ. նախարարությունից մեր հիվանդանոց եկավ գնդապետ Կարեն Բարնավազյանը. մեզ կանչեցին և ասացին, որ բուժքույրերի կարիք կա, իսկ մինչ այդ մեր հիվանդանոցից արդեն երկու հոգի գնացել էին ֆիզուլի: Ես այդ ժամանակ մեր հիվանդանոցի վիրահատարանում որպես բուժքույր էի աշխատում. ես ասացի ,որ կգնամ տուն , ամուսնուս կհարցնեմ և կմեկնեմ: Խորհրդակցեցի ամուսնուս հետ, ով աննկարագրելի, ինքնամոռաց հայրենասեր էր (նա զոհվել է 1994 թ. ապրիլի 24-ին, ֆիզուլու համար մղված մարտերում. ծնվել էր ապրիլին և զոհվեց ապրիլին) և մեկնեցի՝ երեխաներիս թողնելով ամուսնուս խնամքին ու հոգածությանը:Մենք ամուսիններով գտանք, որ իմ մեկնելը ճիշտ է. եթե կանչում են, ուրեմն կարիք կա բուժքույրերի: Հադրութում ես աշխատում էի տեղի Կենտրոնական հոսպիտալում, եղել եմ նաև Ֆիզուլիում: Դուք հարցնում եք՝ վախ չունեի՞…Սկզբում, իհարկե, կար, սակայն հետո, մի տեսակ վախի զգացումն անզգայանում է, երբ պատգարակներով անընդհատ ծանր վիրավորներ են բերում մարտադաշտից. մենք այնքա՜ն ծանրաբեռնված էինք լինում, որ ինքներս մեզ էինք մոռանում, երբեմն մոռանում էինք մեր ընտանիքներին, մեր երեխաներին:
…Երբ նոր էինք գնում Արցախ, ճանապարհներին անընդհատ ադրբեջանական ուղղաթիռներ էին գալիս, ու ես մտածում էի՝ մի՞թե դեռ ոչինչ չարած այս երկրի համար՝ պետք է զոհվեմ: Հադրութի հոսպիտալի հին աշխատողները ռմբակոծությունների ժամանակ գիտեին, թե ինչպես և որտեղ թաքնվեն, մենք՝ նորերս, մոլորված, քարացած՝ մնում էինք տեղում. կա՛ր վախի զգացում, սակայն մի տեսակ քարանում էինք: Այդ ժամանակ մտածում էի միայն երեխաներիս մասին. մի ակնթարթում ողջ կյանքս տեսաժապավենի նման անցավ աչքերիս առջևով ու պատկերացրեցի երեխաներիս՝ առանց ինձ: Որքա՜ն այդպիսի պահեր եմ ապրել…Մտածում էի՝ ամուր մնալ, ապրել, դիմակայել՝ օգնելու վիրավորներին: Ես իրականում տեսել եմ դժոխքը՝ մահեր, ավերածություններ, ծանր վիրավորներ. դրանք կնոջ համար շատ ծանր երևույթներ են, սակայն տոկալ էր պետք, և գործը կիսատ թողնել չէր կարելի. ինքս եմ այդ սկզբունքը որդեգրել ողջ կյանքիս համար:Այնտեղ ես օրագիր էի պահում, մռայլ ապրումներս ու կարոտս շարադրում սպիտակ էջերին, որոնք երբեմն ինձ աղավնիներ էին թվում, որ պետք է կարոտիս շունչը տանեին երեխաներիս…
Պատերազմն ավարտվեց Շուշիի ազատագրումով, հայերի արդար հաղթանակով, ես տուն վերադարձա մինչ պատերազմի ավարտը. իմ տուն վերադառնալուց հետո ամուսինս մեկնեց ճակատ ու….չվերադարձավ: Փրկելով ամբողջ ջոկատին՝ ինքն արնաքամ է լինում և զոհվում. նա ընդամենը 45 տարեկան էր…Պատերազմն ինձնից տարավ երեխաներիս հորը, ժպիտս…Ես փորձեցի ուժ գտնել իմ մեջ ու շարունակել ապրել, աշխատել իմ հարազատ՝ արդեն վերանվանված հոսպիտալում, մեծացնել , զբաղվել երեխաներիս հարցերով, սակայն կյանքը դեռ չէր ավարտել իմ ճակատագրի դաժան խաղը՝ 2015-ի մարտին, թշնամու դիվերսիոն գործողությունների ժամանակ,զոհվեց ամուսնուս անունը կրող , Արցախի պաշտպանական դիրքերում ծառայող հրաշք թոռս՝ իմ սիրասուն, իմ հայրենասեր, իմ պատվարժան Արշակը. ծնվեց մարտին , զոհվեց մարտին:Կորուստներս մեծ են ու չդարմանվող: Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում զոհված, վիրավորված բոլոր զինվորների մեջ տեսնում ու փնտրում էի Արշակիս, 20-ամյա իմ հերոսին՚…Այժմ էլ երկու թոռներս ծառայում են. մեկը՝Քելբաջարում(Քարվաճառում), մյուսը՝ Էջմիածնում ՝ դեռևս վարժանքների դասընթացների մեջ է: Ապրիլյան պատերազմական օրերին, կրկին վերապրելով հոգումս չմարող ցավը, այս անգամ օգնում էի մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց անօրինակ սխրանքով, արիությամբ անցան իրենց պապիկներից, նախկին ազատամարտիկներից: Նրանք պատրաստ էին իրենց անդամահատված ոտքերը պրոթեզավորելուց հետո անգամ մեկնել Արցախ՝ դիրքեր, լուծել իրենց և իրենց ընկերների վրեժը:Նրանք իսկական հերոսներ են, հերոսները չեն խոսում իրենց սխրանքի մասին:Անբացատրելի զուսպ, քաջ և միևնույն ժամանակ համեստ տղաներ էին. նրանց մեծ մասը բուժվել ու դուրս է գրվել, կրկին անցել ծառայության;
…Հայրս եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, աշխատել է իմ ծննդավայր Ջավախքի ներքին գործերի համակարգում և միշտ երազել է տղա զավակ ունենալ, ով կշարունակի իր գործը, սակայն ես եմ ծնվել և հորս մարտական ընկերոջ խորհրդով ինձ անվանակոչել են Մեծ հայրենականում իրենց ծանոթ բուժքրոջ՝ վիրահատության ժամանակ զոհված Զինաիդայի անունով. բարեբախտաբար, այդ անունը կրելով, չկիսեցի նույն ճակատագիրը, ողջ մնացի:
…Ի՞նչ մնաց իմ մեջ. շարունակում եմ ապրել ընտանիքիս, երեխաներիս, թոռներիս, հարազատներիս և իմ կարիքն զգացող զինվորների համար: Չեմ կորցրել պայքարելու ունակությունս: Ուզում եմ մաղթել բոլոր բուժքույրերին տոկունություն, գիտելիքներ ամբարելու մեծ ցանկություն, սեր ու նվիրվածություն իրենց աշխատանքի հանդեպ:Գթասրտություն, հոգեբանություն, բուժքույրական աշխատանքի հմտություն է հարկավոր սովորեցնել ապագա բուժքույրերին. մեզ բարեկիրթ, գիտելիքներով հարուստ բուժքույրական դարբնոց է հարկավոր. սա շատ կարևոր օղակ է: Կյանքը շարունակվում է ամեն բացվող օրվա հետ, նոր մանուկներ են լույս աշխարհ գալիս , նոր հերոսներ են ծնվում….Ես ուզում եմ, որ հերոսացումը լինի գիտության , մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում, որ ոչ մի զինվոր, ոչ մի հայորդի մարտի դաշտում չհերոսանա, որ մեր ջահել տղաները հուշ չդառնան, որ հայի արդար հաղթանակով ավարտվի մեր հարցի լուծումը, և ամբողջ աշխարհում թագավորի խաղաղությունը: Ես շատ եմ սիրում իմ ծննդավայր Ջավախքը, սիրում եմ Արցախը, Հայաստան աշխարհի ամեն մի անկյունը: Աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին եմ սիրում. ինձ համար լավագույն հայն էլ նա է, ով սիրում է իր Հայրենիքն ու հայրենակիցներին և Հայրենիքի դժվար պահերին չի լքում այն»:
Կարինե Ավագյան