Այնթապի բռնագրավված հայկական առանձնատները

101 տարի առաջ այս օրերին նրանց ցանկացան արմատախիլ անել այս տարածաշրջանից, սակայն նրանց հետևից մնացին անջնջելի հետքեր: Հետքեր, որոնք նրանց մասին հիշեցնում են մինչև այսօր: Դեռևս հնարավոր է խոսել բազմաթիվ քաղաքներում արհեստի հիմքերը գցած, առևտրով զբաղված, առանձնատներ, շինություններ ու ճանապարհներ կառուցած, մերօրյա քաղաքաշինության հիմնական ուղղությունները սկզբնավորած հայերից մնացածների հետ և նրանցից լսել երբեմնի ընկերական հարաբերությունների և մեծ ցավերի պատմությունը: Բավական է ընդամենը մի հայացք նետեք ձեր շրջապատի վրա: Անպայման մի հետքի կհանդիպեք: Դեհ եկե՛ք թեթև հայացք նետենք Այնթապի հայերից մնացած առանձնատներին և դրանց պատմությանը…

Օսմանյան գերիշխանության ժամանակ Այնթապը կազա (գավառ-Ակունքի խմբ.) էր Հալեպի վիլայեթի կազմում, որը կառավարում էր մյութեսարըիֆը(սանջակի` մարզի կառավարիչը-Ակունքի խմբ.): 1914 թ. Այնթապի 80 հազարանոց բնակչության 36 հազարը կազմում էին հայերը:

Թեև հայերը պետական իշխանություն չեն ունեցել, սակայն ինչպես բազմաթիվ քաղաքներում, այնպես էլ Այնթապում իրենց բնակչության թվի շնորհիվ մեծ ազդեցություն են ունեցել հասարակական կյանքում: Օրինակ՝ Այնթապի 8 փաստաբաններից 6-ը, բոլոր 8 բանկիրներն ու սարրաֆները(դրամափոխ-Ակունքի խմբ.), 22 հանձնակատարից 15-ը, բոլոր 8 կոշկակարները հայ էին: Պատկերը նույնն էր արհեստի և առևտրի գրեթե բոլոր ոլորտներում:

Քաղաքի ճանապարհները հայերն էին կառուցում, ամենագեղեցիկ առանձնատներում ևս նրանք էին: Քաղաքում ունեին 20-ից ավելի դպրոց, 5 եկեղեցի/վանք, որոնցից ամենահիասքանչը 20 տարվա ընթացքում կառուցված Սուրբ Աստվածածին տաճարն էր:

Միություն և առաջադիմություն կուսակցության կառավարության կողմից 1915 թ. հղված «վերաբնակեցման և տեղահանության» հրամանը Այնթապում կյանքի կոչվեց համեմատաբար ուշ՝ հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը: Տեղահանությունը տասնյակ հազարավոր հայերի բռնի ճանապարհորդության տարավ դեպի Դեր Զորի անապատներ: 20 հազար հոգի ճանապարհին մահացավ: Թեև որևէ կերպ կենդանի մնալ հաջողածների մի մասի հետ այլ քաղաքներից մոտ 20 հազար հայ Միություն և առաջադիմություն կուսակցության տապալումից հետո հետ վերադարձավ, սակայն երբ Ազգային ուժերը (քեմալական, ազգայնական ուժերը-Ակունքի խմբ.) ֆրանսիացիներից վերցրեցին քաղաքը, հայերն ստիպված եղան կրկին բռնել աքսորի ճամփան: Ի վերջո, 1914 թ. Այնթապի մոտ 30 հազար հայկական բնակչությունից 1924 թ. ոչ ոք չէր մնացել:

Հայերն իրենց հետևից թողել էին իրենց առանձնատները, որոնք ճարտարապետական հրաշքներ էին: Թեև որոշ ժամանակ ասում էին, որ համաձայն միջազգային օրենքի՝ այս առանձնատները «վերադարձվելու են» տերերին, սակայն դա երբեք էլ չիրականացավ, որովհետև տարբեր մեթոդներով խոչընդոտներ ստեղծեցին հետ վերադարձողների համար: Իսկ վերջում քաղաքից բռնի տեղահանած հայերին հայտարարեցին «փախստական» կամ «կորած», իսկ նրանց ունեցվածքը` «լքյալ գույք»: Առանձնատները շատ չնչին գնով վաճառվեցին կամ էլ նվիրվեցին պատերազմում հաջողություններ ունեցածներին: Հայերի առանձնատներում տեղավորվածների շարքում էին այնպսի անուններ, ովքեր առաջնորդել էին հայերի տեղահանությունը, և հայերի հուշերում բնութագրվում են այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են` «ողջ ճանապարհի ընթացքում խարազանել», «բռնաբարել»: Այդ անձանցից ոմանք II Ազգային ժողովում պատվի արժանացան` որպես պատգամավոր (Օրինակ՝ Ալի Ջենանին):

Իսկ այդ ժամանակվա Այնթապի մյութեսարիֆ Շյուքրյու բեյը, ով հայերի տեղահանության հրամանին դեմ դուրս գալու համար ստիպված էր հրաժարական տալ, հանրապետական շրջանում, բնականաբար, քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն չունեցավ:

Այնթապի հայերից մնացած առանձնատները երկար տարիներ շարունակ գործածվել են տարբեր նպատակներով (կացարան, արվեստանոց, հյուրանոց…): Կացարաններիմի մասն ավերվել է, վերածվել անբարոյականների, թմրավաճառներ որջի: Իսկ այսօր այդ առանձնատների զգալի մասը` «Այնթապի տներ» անվամբ, բացվել է զբոսաշրջիկների համար: Իսկ այնպիսի մարդաշատ թաղամասերում գտնվող տները, ինչպիսիք են Էբլեհանը, Բեյ մահալեն և Թեփեբաշըն, շրջապատվել են բուտիկ-հյուրանոցներով և սրճարաններով: Տներից և ոչ մեկի վրա որևէ տեղեկություն չկա ոչ միայն տների տերերի, այլ անգամ` պատմության վերաբերյալ:

Եթե այնպես ստացվի, որ հայտնվեք Այնթապում, կտեսնեք Բեյ մահալլեյի ամենանշանավոր զբոսաշրջային վայրերից մեկը՝ Քուրթուլուշ մզկիթը: Այս կառույցը, որն աչքի է ընկում սև-սպիտակ քարերի համադրությամբ և զբաղեցնում է 1100 քառ. մ տարածք, հենց ինքը՝ Սուրբ Աստվածածին տաճարն է: Յուրաքանչյուր քար հայ քանդակագործության մանրակրկիտ աշխատանքի արդյունք է:

Համաձայն Հայկական հարց հանրագիտարանի՝ Սուրբ Աստվածածին տաճարը կառուցել են հայտնի ճարտարապետ Սարգիս Բալյանն ու քարտաշ Սարգիս Թաշչյանը, իսկ 3 տոննանոց զանգը հատուկ ձուլվել է Բրազիլիայում բնակվող Հրանտ Քյոշքերյանի անունով : Երբ հայերին քաղաքից աքսորել են, տաճարը որոշ ժամանակ դատարկ է մնացել, այնուհետև` բանտ դարձել: 1980 թ. սեպտեմբերի 12-ից հետո տաճարը վերածվել է Այնթապի ամենահայտնի կտտանքների կենտրոներից մեկի: 1981 թ. վերջերին բանտը դատարկվել է, 1984 թ.` վերանորոգվել, իսկ 1988թ. բացվել է նոր անվամբ՝ որպես Քուրթուլուշ մզկիթ:

Բեյ մահալեյի նեղլիկ փողոցներով զբոսնելիս հնարավոր է հանդիպել Անտիոքոս, Տիքոս, Հայալ սրճարանի նման հազար ու մի «արարիչ» անուններով զարդարված սրճարանների: Հին հույներին հիշեցնող անուններին մի նայեք, ըստ էության, բոլորը հայերից մնացած առանձնատներ են: Օրինակ՝ ամենահայտնիներից մեկը՝ Պապիրոս սրճարանը, պատկանել է Նազարեթյան ընտանիքին: Ընտանիքի գլխավորը՝ Կարապետ Նազարեթյանը, օսմանյան շրջանում ամենահայտնի օճառի գործարաններից մեկի տերն է եղել: Գործարանում ձիթապտղի յուղից օճառ են արտադրել և ուղարկել բազմաթիվ քաղաքներ: Կարապետ Նազարեթյանի հայրը՝ Քարանազար Նազարեթյանը, այս առանձնատունը կառուցել է 1856 թ.:

Թաղամասի հարյուրավոր առանձնատներից մեծ մասը լքվել և ավերակների է վերածվել, որոնց տեղում կառուցել են բազմահարկ գրասենյակներ և հյուրանոցներ: Ոմանք բռնագրավելով հայերի ունեցվածքը՝ նվիրատվություններ են կատարել հարստացածների հիմնադրամներին և անգամ ազգայնամոլական օջախներին, որոնք միջոցառումներ են կազմակերպում, որտեղ հայ բնակչության սնանկացմամբ ավարտված գործընթացը հակահայ թշնամանքի են վերածում:

Եթե Ձեր ոտքը Այնթապ ընկնի, Ձեր շրջած ցանկացած փողոցում, հայերի հետքեր կգտնեք Բաքըրջըլար (պղնձագործների-Ակունքի խմբ.) շուկայից Ձեր գնած յուրաքանչյուր արվեստի նմուշում, Ձեր փորձած յուրաքանչյուր ուտեստի բաղադրության մեջ, հին քաղաքի հատակագծում, բնականաբար, նաև` կոտորածների հետևանքով ավերակների վերածված քաղաքի սոցիալական շերտում…

Բավական է, որ տեսնեք ու լսեք այն, ինչ անդին է ներկայացվող պատմությունից…

Օսման Օղուզ

http://hyetert.blogspot.am/2016/04/antepin-gasp-edilmis-ermeni-konaklar.html

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Scroll Up