15 հազար մարդ է միացել Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու հարցով Պուտինին ուղղված նամակին

Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակի փոխելու հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակի տակ, ապրիլի 16-17-ի ընթացքում ավելի քան 15 հազար ստորագրություն է հավաքվել, գրում է News.am-ը:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ պարոն Պուտին,
Մեզ չեն դադարում անհանգստացնել գործարար, մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները: Այս ծայրահեղ հիվանդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում է օնկոլոգիական եւ ուրոլոգիական հիվանդություններով:
Հայրապետյանը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առջեւ: Լինելով ակտիվ քաղաքացի` նա ամեն կերպ սատարել է զարգացման զանազան ծրագրերի: Ահռելի է Հայրապետյանի դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր սոցիալական եւ բարեգործական ծրագրերի նախաձեռնողն է: Ավելորդ չենք համարում նշել, որ իր հայրենիքում՝ Հայաստանում, Հայրապետյանն իբրեւ հերոս է ընկալվում:
Ապրիլի 14-ին նա դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստեւն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա: Այս հանգամանքն, ինչպես նաեւ մեղադրանքում առկա բազմաթիվ հակասությունները, լուրջ կասկածներ են հարուցում այս գործի պատվիրված բնույթի առնչությամբ:
Ինչեւէ, Լեւոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձեւաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա:
Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է:
Խնդրում ենք Ձեր աջակցությունը Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցում»:
Նշենք, որ Երեւանում, ապրիլի 19-ին, ժամը 13.00-ին, «Մարիոթ» հյուրանոցի մոտից ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի երթ է տեղի ունենալու դեպի ԱԳՆ, որտեղ կհանձնեն վերը նշված նամակը: