Հայատյացության քարոզչությունն Ադրբեջանում սկսվում է ամենաբարձր մակարդակից ու հասնում մինչև մանկապարտեզ

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի և «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Ադիբեկյանի համահեղինակությամբ, անգլերեն և ռուսերեն լեզուներով լույս է տեսել «Հայատյացությունը Ադրբեջանում» ( “АрмяноФОБ�?Я в Азербайджане”) գիրքը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անժելա Էլիբեգովան նշել է, որ «Հայատյացությունը Ադրբեջանում» գրքում ամփոփված են սոցկայքերի ադրբեջանցի օգտատերերի գրառումների, մամուլի, ադրբեջանցի պաշտոնյաների ելույթների և ստեղծվող գրականության հայատյաց քարոզչության դրսևորումների ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:

«Չնայած գրքում եզրակահանգումներ չենք արել, սակայն, մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանում ամեն ինչ`սկսած մամուլից մինչև մանկական գրականություն ու դպրոցական դասագրքեր, ողողված է հայատյացությամբ, ինչը հովանավորվում է պետական ամենաբարձր մակարդակով: Գիրքը պատմում է, թե ինչ մթնոլորտ է տիրում Ադրբեջանում հայերի նկատմամբ և ինչպես է ատելություն սերմանվում երեխաների մեջ»,-ասել է Ա. Էլիբեգովան և ընդգծել, որ հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում սկսվում է պաշտոնական ամենաբարձր մակարդակից ու հասնում մինչև մանկապարտեզ:
Ադրբեջանագետի կարծիքով` ամենավտանգավորը դպրոցահասակ երեխաների վրա համապատասխան մեխանիզմերով հոգեբանական ճնշումներ գործադրելն է, որով նրանց հնարավոր բոլոր միջոցներով հայերի հանդեպ ատելություն է ներարկվում` բացառելով առողջ ու լիարժեք հոգեբանությամբ սերնդի դաստիարակության հնարավորությունը:
«Ադրբեջանցիները մեծանում են նման անառողջ մթնոլորտում, որն անհրաժեշտ է ցույց տալ միջազգային հանրությանը: Ադրբեջանում հայատյացության քարոզչության մասին պատմող այս գիրքը կարող է աղբյուր հանդիսանալ սոցիոլոգների, հոգեբանների և քաղաքական գործիչների համար` այլատյացության ծայրահեղ դրսևորման մասին տեղեկատվություն ստանալու և ուսումնասիրելու համար»,- ասել է ադրբեջանագետը` հավելելով, որ գրքի բովանդակությանը հնարավոր է ծանոթանալ նաև համացանցային տարբերակով` Stophatespeech.net կայքում:
Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի աջակցությամբ ստեղծվել են Xocali.net և Azerichild.info կայքերը:
Ա. Էլիբեգովան մանրամասնել է, որ Xocali.net կայքում տեղ են գտել հայկական և ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերը, իսկ Azerichild.info-ում ներկայացված է հայատյաց թեմաներով մանկական ուսումնական գրականություն:
Scroll Up