Ջավախահայության ապագան պետք է որոնել գիտության, գրքի ու մշակույթի մեջ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հյուրերն այսօր ջավախեցի մտավորականներն էին: Առիթը «Հայաստան. Հայրենի եզերք. Ջավախք» խորագրով ցուցահանդեսն էր, որը ներառում է Ջավախքին եւ ջավախեցիներին նվիրված ավելի քան 600 գիտական եւ գեղարվեստական գրքեր:  Այս մասին գրում է Akhaltskha.net-ը:

Հանդիսավոր բացմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան բազմաթիվ մտավորականներ, հասարակական–քաղաքական գործիչներ, որոնց շարքում էին՝ Տաճատ Վարդապետյանը, Հովհաննես Այվազյանը, Աելիտա Դոլուխանյանը, Դավիթ Սարգսյանը, Հակոբ Սիմոնյանը, Էքնոս Էքնոսյանը, Համլետ Միքայելյանը, Հակոբ Սիմոնյանը, Վիկտոր Հովհաննիսյանը և այլք:

Ուսումնասիրելով ներկայացված ցուցանմուշները՝ ընթերցողը հետաքրքիր բացահայտումների պակաս չի ունենա: Օրինակ, «Վիքիպեդիա»-ում կարդում ենք, որ միջնադարի աստվածաբանական մտքի մեծանուն ներկայացուցիչը` Գրիգոր Տաթևացին, ծնվել է 1346 թվականին` Սյունիք աշխարհի Վայոց ձորում:

«Գիտականորեն ապացուցված է, որ Տաթեւացին իրականում Ջավախքի Թմոգվի գյուղից է: Նրա հայրը եւս այդ գյուղից է, իսկ մայրը` Արագածոտնի մարզից: Եթե պատմության մեջ նա հայտնի է «Գրիգոր Տաթեւացի» անունով, դա կապվում է միայն նրա գործունեության վայրի հետ: Իսկ ծնունդով նա ջավախեցի է: Ջավախքից է սկսվել ու զարգացել նրա կյանքը, իսկ հիմնական գործունեությունը ծավալվել է Տաթեւում»,- լրագրողներին պատմեց Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը՝ նշելով, որ որ Ջավախքը հայոց քաղաքակրթությանը տվել է մեծավաստակ գիտնականների, գիտության, ժողովրդական տնտեսության, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչների մի մեծ աստղաբույլ, որոնց գործերը փորձ է արվել իմ մի բերել և ներկայացնել ցուցահանդեսում: Ցուցահանդեսում ներկայացված են ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի լույս ընծայած «Համաբարբառները». գրքերից յուրաքանչյուրում կարելի է գտնել տեղեկատվություն` Տաթեւացու գրական ժառանգության ամեն բառի բացատրության եւ կիրառության մասին: Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի գրքերը պահվում են համալսարանի պահոցում, սակայն ջավախեցի մտավորականներն իրենց նոր գրքերով կարող են հարստացնել ցուցադրությունը. «Հազարից ավելի ուսանող է այցելում գիտական գրադարան եւ կարող են ընթերցել գրքերը: Ներկայացված ամենահին ստեղծագործությունները 1892 թվականին են տպագրվել: Վահան Տերյանի ժառանգությունից, օրինակ, ցուցադրվում է նաեւ 1912թ. Մոսկվայում առաջինը լույս տեսած գիրքը»: Ցուցադրվում են նաեւ ժամանակակից ջավախեցի գրողների, այդ թվում` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանի գրքերը: 2013թ.-ին լույս է տեսել նրա «Տետր Ալֆա» գիրքը:

Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն նաեւ Մանկավարժական համալսարանի դասախոս, մեծանուն մաթեմատիկոս, ծնունդով Ջավածքի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղից Համլետ Միքայելյանի` ջավախքյան բնաշխարհի գույները ներկայացնող գեղանկարները: Մաթեմատիկ-նկարչի բնանկարների ցուցադրություններ տեղի են ունեցել նախկինում էլ՝ Ջավախքում, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում, Նկարիչների միությունունում և այլուր: Այս անգամ դրանք համադրվել են ջավախքցի հեղինակների և Ջավախքին վերաբերող գրքերի հետ:

Համլետ Միքայելյանը, լինելով մանկավարժական համալսարանի մաթեմատիայի դասախոս,վստահեցնում է, որ մաթեմատիկան ոչ օգնում է, ոչ էլ խանգարում նկարելուն. «Երբ որ հոգնում եմ մաթեմատիկայից, սկսում եմ նկարել»: Նրա ստեղծագործության մեջ հատկապես առանձնանում են հայրենի բնաշխարհին նվիրված բնանկարները, որոնք նկարչի սիրո արտահայտությունն են իր ծննդավայրի՝ Ջավախք լեռնաշխարհի նկատմամբ: Համլետ Միքայելյանի վրձնին են պատկանում հայրենի՝ Ղուշչի գյուղի պատկերները, «Այնտեղ, որ սկսվում է Խրամը» բնանկարը, «Ցորյանի ծովեր» կտավը ևայլ գործեր: «Ինչ-որ նկարում ես, ստացվում է այն ինչ մանկությունն է դրել քո մեջ»,- ասում է նա: Համլետ Միքայելյանը հեղինակ է հանրահաշիվ առարկայի մի շարք ձեռնարկների. հեղինակել է մաթեմատկայի` 7-8-րդ դասարանների դասագրքերը, մեթոդական ձեռնարկներ, բարձրագույն հանրահաշվի` բուհական ձեռնարկներ եւ այլն: «Երբ որ մենք դեռ երեխա էինք, Ուֆթին անունովազգությամբ վրացի հնագետ էր եկել մեր գյուղ ևհնագիտական պեղումներ կատարում: Մեզ՝երեխաներիս, վարձատրում էր, որպեսզի իրենօգնենք: Այդ բոլոր հնությունները նա հետո համարեցվրացական: Սակայն կարևորը մեր գենետիկորենեկած հզոր ուժն է, մշակույթն է, մարդը, որ ապրումէ այդ հողի վրա, սրանք են մեզ հայ պահում»,- ասում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Համլետ Միքայելյանը:

Պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իրեն կաշկանդված է զգում այսքան մտավորականների շրջանում, բայց եւ հավելեց, որ կարեւոր է համարում նմանատիպ միջոցառումների անցկացումը. «Կարծես թե բոլոր ջավախցիներս զգում ենք այդ պարտավորությունը, որ հայրենիքի համար գործ անենք: Ջավախքը երեւելիների բնօրրան է, Ջավախքը և ջավախքցին հայ մտքի, ինտելեկտի կենարար զարկերակը սնուցող, հայեցի մշտական բնակավայրն է, և այսօրվա միջոցառումը տոնական տրամադրություն է ստեղծել թե՛ իմ, թե՛ հայրենակիցներիս մոտ, և կարծում եմ, որ պետք է դառնա ավանդական, չգիտեմ ինչ պարբերականությամբ, բայց անընդհատ պետք է նշվի և համալրվի այս միջոցառումը»,- ասաց նա՝ մաղթելով, որպեսզի հաջորդ անգամ գրքերի թիվն այնքան մեծ լինի, որ պահարանները քչություն անեն:

“Հայաստան” հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, ով, ի դեպ, սիրելի գրող Մկրտիչ Սարգսյանի որդին է, իր ելույթում ևս ողջունեց նման նախաձեռնությունը՝ փաստելով, որ ջավախահայության ապագան գիտության, գրքի ու մշակույթի մեջ պետք է որոնել: Նա հիշեցրեց, որ “Հայաստան” հրատարակչությունը մշտապես եղել է ջավախքցի հեղինակների կողքին, և ուրախալի է, որ գնալով շատանում են ինչպես այդ հեղինակները, այնպես էլ Ջավախքի և հակտապես այդ երկրամասի առանձին բնակավայրերի մասին հրատարակությունները:

Տիգրան Պետրոսյանցի համար, ով 40 տարի առաջ քրոջն Ախալքալաք է ամուսնացրել, մեծ ցավ է եղել Ջավախք մուտք գործել միայն հատուկ թույլտվությամբ: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց. «Մեր օրերում որեւէ մեկն այսպես մասսայական չի կազմակերպում, որ Ջավախքը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Այսօր մենք փորձեցինք միավորել Երեւանում ապրող, Երեւանից դուրս ապրող եւ այդ երկիրը ներկայացնող մարդկանց: Միշտ չէ, որ նրանք իրար հետ լավ են, բայց եկեք անենք այնպես, որ այսօր բոլորն այստեղ լինեն»,-նշեց նա: Հարցին, թե որն է ամենակարեւոր խնդիրը, որն առկա է այսօր ջավախցիների մոտ, պարոն Պետրոսյանցը պատասխանեց. «Ամենակարեւոր խնդիրը՝ շարունակել ապրել այնտեղ որպես հայ, իսկ դրա համար պետք է լուծվի կրթական խնդիրը, կրթական ծրագիրը պետք է լինի հայերեն»,-եզրափակեց նա:

Scroll Up