Վահրամաբերդի դպրոցում Գրիգոր Խանջյանի 90-ամյակին նվիրված հանդիսություն է տեղի ունեցել

Մարտի 29-ին հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցում: Միջոցառումը ՀՀ Սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» խորագրով միջոցառումների շարքից էր: Այս անգամ այն նվիրված էր հայ մեծ արվեստագետ, նկարիչ Գրիգոր Խանջյանի 90–ամյակին:

Ըստ «Հայերն այսօր»-ի՝ միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի լեզվագիտական մասնախմբի նախաձեռնությամբ, կազմակերպիչն էր կերպարվեստի ուսուցչուհի Ն. Վարդանյանը: Միջոցառման նպատակն էր ճանաչել մեր ազգի ողբերգության և փառավոր էջերի պատկերող, դարաշրջանի մեծ նկարիչ, արվեստագետ Գրիգոր Խանջյանին, նրա թողած անփոխարինելի ժառանգությունը:

Աշակերտները ներկայացրին Խանջյանի կյանքը, գործունեությունը, ստեղծագործական անցած ուղին: Միջոցառմանը ցուցադրվեցին Խանջյանի գործերից՝ «Վերածնունդ», «Վարդանանք», «Հայոց այբուբենը», «Հացը լեռներում», դրվագներ «Վարդանանք», «Հայոց այբուբենը» գոբելեններից, ինչպես նաև նկարազարդումներ «Անլռելի զանգակատուն», «Սասունցիների պարը», «Վերք Հայաստանի» գրքերից: Աշակերտները ներկայացրին, թե ինչ է պատկերված նկարներում, մանրամասն խոսեցին հատկապես «Վարդանանք» և «Հայոց այբուբենը» գոբելենների, «Հացը լեռներում» կտավի մասին: Հնչեցրին նաև ասույթներ Խանջյանի մասին, նրա որդու հուշերից, ինչպես նաև մեծ արվեստագետի խոսքերը հայ մշակույթի, հայոց գրերի, Կոմիտասի, գեղարվեստի մասին: Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործությունից ասմունքեցին հատվածներ, կատարեցին պարային համար՝ «Յար խուշտա»:

Ներկաները դիտեցին նաև տեսանյութ Խանջյանի մասին, լսեցին նրա խոսքը՝ նկարչի, իր արվեստի մասին: Իսկ արվեստագետի խոսքը այն մասին, թե կարևորն այն է, որ  յուրաքանչյուր մարդ պիտի իմանա, թե ինչու աշխարհ եկավ, ինչ թողեց իրենից հետո, աշակերտները ընդունեցին որպես պատգամ՝ ուղղված բոլոր սերունդներին:

1 2

Scroll Up