Սիրիական բանակը ԻՊ-ի գրոհայիններից վերանվաճել է Պալմիրայի ամրոցը

Սիրիական կառավարական բանակին եւ աշխարհազորայիններին հաջողվել է ԻՊ-ի գրոհայիններից վերանվաճել Պալմիրայի պատմական ամրոցը:

Ընդ որում, գրոհայինները զգալի կորուստներ են կրել:

Պալմիրայի գրոհը սկսվել է հինգշաբթի: Սիրիական բանակին եւ  «Անապատի բազեների» ջոկատներին հաջողվել է ամրանալ հյուրանոցային համալիրներում` ահաբեկիչներին մղելով դեպի Պալմիրայի կենտրոն, իսկ ուրբաթ` վերահսկողություն հաստատել ռազմավարական բարձունքներից մեկի վրա, որտեղ տեղակայված է շարժական կապի աշտարակը: Առավոտյան սկսվել է Պալմիրայի ամրոցի` ԻՊ-ի կողմից վերահսկվող վերջին բարձունքի գրոհը:

Պալմիրան հայտնի է հին ավերակներով եւ հնագույն ժամանակներից պահպանված տաճարներով, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության ցանկում: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին 2015-ի մայիսին, ինչից հետո ԶԼՄ-ները բազմիցս հայտնել էին, որ նրանք ավերում են մշակույթի հնագույն հուշարձանները, այդ թվում նաեւ Բաալ-Շամինի տաճարը եւ հանրահայտ հաղթական կամարը, Արցախպրեսի փոխանցմամբ՝ հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:

Scroll Up