Նարեկացուց Կոմիտաս` եվրոպացի ընթերցողին ու ունկնդրին

Եվրոպական տարբեր գրադարաններում ցրված հայկական արժեքավոր ձեռագրերի ուսումնասիրությունը հայագիտական հետազոտությունների կարևոր մաս է կազմում։ Պարբերաբար նման աշխատանքների արդյունքները ներկայացվում են եվրոպական մայրաքաղաքների ու գիտական կենտրոնների սրահներում։ Այս մասին գրում է Orer.eu-ն:

Մարտի 17-ին Բեռլինի պետական գրադարանում իր հերթական զեկույցը կներկայացնի Հայկ Ութիջյանը, ով Պրահայի Կարլի համալսարանում գրաբարի, հայ գրականության և հոգևոր երաժշտության դասընթացներ է վարում, ու նաև նույն համալսարանի նվագախմբի ու երգչախմբի խմբավարն է։

Նրա զեկույց-դասախասությունների շարքում էին վերջերս Կոպենհագենի Մայր Տաճարում Դանիական ազգային բյուզանդագիտության հանձնախմբի (Danish National Committee for Byzantine Studies) հրավերով կազմակերպված երկրորդ դասախոսությունը, իսկ դրանից առաջ մասնակցությունը Հոլանդիայի Բրեդիոս Հիմնարկի (Bredius Foundation) համաշխարհային բյուզանդագիտության գիտաժողովին, որտեղ այս հիմնարկի պատմության մեջ առաջին անգամ Հայկական եկեղեցական երաժշտությունը ներկայացվեց` հունական, ղպտիական եւ այլ քույր արևելյան եկեղեցիների ավանդությունների կողքին։

Հայկ ՈՒթիջյանի ներկայացրած աշխատության շնորհիվ Բրեդիոս հիմնարկը որոշում է կայացրել այսուհետև Հայկական եկեղեցական երաժշտությունը ներառել ապագայում գումարվելիք նիստերի օրակարգում։Hayk Utijian, March 8, 6

Ասենք, որ հայ հոգևոր երաժշտությունը նաև Պրահայի Կարլի համալսարանի նվագախմբի մշտական երաժշտացանկում է։ Բոլորովին վերջերս` մարտի 8ին Պրահայի Իտալական մշակութային կենտրոնում Հ. Ութիջյանի իմբավարությամբ նվագախումբը կատարեց Կոմիտասյան պատարագը` իբրև Գարիվո ծրագրի իրադարձություն։ Գարիվոն կրթական բարեգործական ծրագիր է, ինչը Արդարների պարտեզ համաշխարհային ցանցի մաս է կազմում։ Արդարների պարտեզներում անվանական ծառեր են տնկվում Հոլոքոսթից հրեաներին իրենց կյանքը վտանգելով փրկողների ու նրանց հիշատակի համար։ Տեղի ունեցած համերգը դեռևս երկար կհիշեն ներկաները։ Համերգի կազմակերպիչները նշեցին, որ համերգն անցկացվում է ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների ու նաև Կոմիտաս վարդապետի։

Համերգը, որ սկսվեց Հայրապետական մաղթերգով, մագնիսացրած պահեց սրահում գումարված ունկնդիրներին մինչև հետո շարունակված պատարագի վերջին հնչյունները։ «Գարիվո-Արդարների պարտեզ» չեխական կազմակերպության ղեկավար չեխ-իտալացի հրապարակախոս Անդրեաս Պիրելին համերգի ավարտին շնորհակալական խոսք ուղղեց Հայկ ՈՒթիջյանին` հույս հայտնելով, որ համագործակցությունը կշարունակվի։ Հիշեցնենք, որ հենց Ա.Պիրելին էր, որ նախորդ տարի ապրիլին ձեռնարկեց «Երեկ և այսօր. Արդարությունը միշտ է անհրաժեշտ» հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումը Պրահայի Գյոթեի ինստիտուտում։

Հարցին, թե մոտ ապագայում որտեղ հնարավոր կլինի լսել նվագախմբի ելույթը, Հայկ ՈՒթիջյանը պատասխանում է. «Մօտիկ ապագային համերգներ ունիմ Բրիտանիոյ Էքսեթերի համալսարանի Սենեկային նուագախումբին հետ, Ստրասբուրգի համալսարանի նուագախումբին հետ. իսկ մայիսին՝ հրաւիրուած եմ ելոյթներ ունենալ Կարոլեան Համալսարանի Նուագախումբի եւ Երգչախումբի հետ, Կարոլինումի Դահլիճին մէջ եւ (Չեխ պետականութեան խորհրդանիշ ու կեդրոն նկատուող) Պրահայի Դղեակի Վլադիսլաւեան Դահլիճի մէջ, մասնակցելով Կարոլոս Դ.-ի յոբելեանի պաշտօնական պետական տօնակատարութեանց»։

Համակ նյութապաշտության գերակայության պայմաններում, երբեմն արդեն պարզապես հրաշքի է նմանվում նվիրյալ արվեստագետերի ու գիտնականների ամենօրյա աշխատանքը։ Խմբավար ու գիտանական, շարակնոցի մեծ գիտակ ու Նարեկացու թարգանությամբ զբաղված Հայկ Ութիջյանը սակայն մեղմ ժպտում է իրեն ուղղված նման գնահատականներից ու շարունակում իր կյանքի գործը։

Scroll Up