Մինսկի Հայորդյաց կրթօջախում նշվեց Մայրենիի օրը

«Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը»։

Ղազարոս Աղայան

Փետրվաի 21-ին ավանդույթի համաձայն Մինսկ քաղաքի Հայորդյաց կրթօջախում նշվեց Մայրենիի օրը, որն այս անգամ նվիրված էր հայ մեծանուն գրող, մանկավարժ, հասարակական գործիչ և մտածող Ղազարոս Աղայանին, ով մեծ ավանդ ունի մայրենիի պահպանման և դասավանդման գործում: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Զարինե Սիմոնյանը:

Սրահում տիրող շունչն աղայանական էր… Երեխաների կրծքին փակցված էին կրծքանշաններ՝ Աղայանի դիմանկարով, ամենուր  Աղայանի բանաստեղծությունների  հերոսների նկարներն էին, որոնք նախատեսված էին գունավորելու համար, գրքեր, որտեղ կարելի էր կարդալ նրա բանստեղծությունները… Կարծես  Աղայանը մեզ հետ էր՝ նրա միտքը` մեր մտքում, նրա խոսքը՝ մեր շուրթերին…

Միջին խմբի սան Միքայելը ներկաներին պատմեց  Աղայանի կյանքի մանրամասները: Այնուհետև նախադպրոցական խմբի սաները ներկայացրեցին  Աղայան- մանկագրին, ով մի չքնաղ լեզվով թոթովել է հայ մանկան հետ: Ծիտն ու կաչաղակը, կատուն և մանուշակը, սագիկն ու աղավնին կարծես լեզու էին առել ու խոսում էին հայ մանուկի շուրթերով:

Տարրական I խմբի սաները ներկայացրեցին Աղայանի առակների և բանաստեղծությունների թատերականացված բեմադրությունները. Աշոտը`«Երկու այծը», Գոհարն ու Արսենը`«Հավն ու մեղուն», «Բազեն ու ծիտը», «Ամիսներ և չորս եղանակ»…

Փոքրիկների ելույթն ավարտվեց Աղայանի խոսքերով գրված «Արև,արև ե’կ, ե’կ» երգի կատարմամբ:

Տարրական III խմբի սաները խոսեցին  Աղայան-մանկավարժի մասին` նրա ստեղծած այբբենարանի, ուսումնական ձեռնարկների, աղայանական հայ դպրոցի և մանկավարժական մեթոդների մասին:

Միջին խմբի սաները ներկայացրեցին  Աղայանի ավելի հասուն տարիքի համար նախատեսված ստեղծագործությունները` «Ճախարակ», «Հիշողություն» բանաստեղծությունները և «Տորք անգեղ» պոեմը:

Հեքիաթներն առանձնահատուկ տեղ ունեն Աղայանի ստեղծագործությունների մեջ: Իզուր չէ, որ Աղայանին կոչում են Հայոց Անդերսեն: Այնքան շատ են նրա հեքիաթները, որ դրանք անհնար էր  ներառել մեկ միջոցառման մեջ, այդ պատճառով էլ կրթօջախի սաներն ու ուսուցիչները դրանք ներկայացրեցին վիկտորինայի տեսքով. բնութագրվում էին հեքիաթների հերոսներն ու գործողությունները, բեմականացվում էր հեքիաթից մի հատված, իսկ ներկաների խնդիրն էր գուշակել դրանք: Հեքիաթները գուշակողներին հանձնվեցին նվերներ՝ հայերեն գրքեր:

Միջոցառման ընթացքում շատ էին Աղայանի գործունեության վերաբերյալ հանդիսատեսին ուղղված հարցերն ու վիկտորինաները, որոնք առանձնահատուկ աշխուժություն հաղորդեցին ներկաներին:

Ավագ խմբի սաները խաղացին «Անահիտ» հեքիաթից մի հատված, որի ամբողջական բեմադրությունը շուտով պիտի ներկայացնեն մեծ բեմի վրա:

Խոսվեց նաև Աղայան-հասարակական գործչի և թարգմանչի, «Վերնատանը» նրա դերի և գործունեության մասին, կարդացվեց Աղայանի փոխադրությամբ  Ալ. Պուշկինի «Ոսկե ձկնիկը»  հեքիաթից մի հատված :

Վերջում հնչեց Աղայանի կոչը. «Շարունակե’ք կարդալ, վերցրե’ք պատմության էջերից ձեր բաժինը, այն շատ է և բոլորիս էլ կհերիքի»:

Միջոցառումն ունեցավ ուսուցողական և ճանաչողական բնույթ, քանի որ շատերի համար մոռացված ու հին էր Աղայանը, ոմանք էլ նոր բացահայտեցին Հայոց նահապետին, այդ ծեր մանուկին:

մինսկ4մինսկ3մինսկ2մինսկ1

Scroll Up