Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Անկարայում զոհվածների ընտանիքներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ: Անկարայում հերթական ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ին քաղաքի կենտրոնական հատվածում` ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ` Գյուվեն այգու մոտակայքում: Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծ թվով մարդիկ են եղել:

Ամբողջությամբ այրվել է մեկ ավտոբուս: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 34 մարդ, 125-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 19-ի վիճակը ծանր է: Ոստիկանության նախնական վարկածով՝ պատահարը տեղի է ունեցել ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով, որը կայանված է եղել երկու ավտոբուսների միջև:

Scroll Up