ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը ԻԻՀ Մեջլիսի նորընտիր պատգամավոր Կարեն Խանլարյանին

ԻԻՀ ՄԵՋԼԻՍԻ ԹԵՀՐԱՆԻ ԵՎ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ԴՈԿՏՈՐ ԿԱՐԵՆ ԽԱՆԼԱՐՅԱՆԻՆ

 Հարգելի՛ դոկտոր Խանլարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու և վերստին Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր ընտրվելու առթիվ:

Անցնող տարում մենք ոգեկոչեցինք Օսմանյան Թուրքիայում զոհ գնացած 1.5 միլիոն անմեղ հայ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման աննախադեպ միջոցառումներ անցկացվեցին աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հայեր են ապրում: Իր կազմակերպվածության և ընդգրկումների շրջանակների առումով տպավորիչ էին հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված տարաբնույթ միջոցառումները, ինչում անգնահատելի է Ձեր` որպես իրանահայության պատգամավորի դերը:

Վստահ եմ, որ Ձեր փորձառության և անմնացորդ ջանքերի շնորհիվ դարավոր փորձություններ հաղթահարած Հայաստան-Իրան բազմադարյա բարեկամական սերտ հարաբերությունները կթևակոխեն զարգացման և ամրապնդման նոր փուլ, իսկ Ձեր փորձը, գիտելիքները և ազգային շահերին անմնացորդ նվիրվածությունը կծառայեն համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման վեհ գործին:

Իրավամբ անգնահատելի է Ձեր վաստակը ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության զարգացման, այնպես էլ հայ համայնքի պահպանման ու հզորացման և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Վստա´հ եղեք, որ համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետությունը հպարտ է Ձեզ նման զավակ և առավել ևս` քաղաքական ու համայնքային գործիչ ունենալու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ, եռանդ և կամքի զորություն` շարունակելու Ձեր ազգանվեր, բեղուն գործունեությունը՝ ի նպաստ հայապահպանության և Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման, ի շահ և ի բարօրություն իրանահայ ժողովրդի, Իրանի հայ համայնքի բարգավաճման և հզորացման, ինչպես նաև՝ երկու հնագույն, եղբայրական ժողովուրդների դարավոր, բարեկամության սերտացման և հարատևման:

Մեկ անգամ ևս ընդունեք ջերմ շնորհավորանքներս՝ Իրանի մեջլիսի ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողության բարեմաղթանքներս՝ հայանպաստ առաքելության գործում և Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման: Վստահ եմ, որ Ձեր օրինաստեղծ գործունեությամբ կնպաստեք ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև՝ բարեկամ Իրանի առաջընթացին:

Հարգանքով`

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

Scroll Up