Դավիթ Տոնոյանը Վիեննայում ներկայացրել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-17-ին Վիեննայում մասնակցել է «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված է եղել անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ լուծումների շուրջ մտքերի փոխանակմանը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ սեմինարին հանդես գալով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները լուսաբանող ելույթով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, մասնավորապես, նշել է. «ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը»(Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար:

«Սանձահարումը/Զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական: Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման  համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով:

Վիեննայում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Հայաստանում հումանիտար ականազերծման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Scroll Up