ԵԽԽՎ բանաձեում Ադրբեջանը ներկայացվել է որպես ռեպրեսիվ երկիր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակի հետ կապված բանաձեւ է ընդունել: Փաստաթղթում Ադրբեջանը ներկայացվել է որպես իրավապաշտպանների դեմ ռեպրեսիաներ իրագործող պետություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների դերն ու պաշտպանության ուժեղացումը» բանաձեւում, հիմնվելով Խորհրդարանական վեհաժողովի 2009 եւ 2012 թվականներին Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանների վիճակի վերաբերյալ թիվ 1660 եւ 1891 բանաձեւերի, իրավապաշտպանների վիճակի բարելավման վերաբերյալ Նախարարների կոմիտեի 2008 թվականի փետրվարի 6-ին ընդունած պատմական Հայտարարության եւ ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի հետ կապված հանձնարարականների վրա, վեհաժողովը նշել է, որ մի շարք երկրներում, այդ թվում` Ադրբեջանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում իրավապաշտպանների դեմ բռնաճնշումների ուժեղացումն անհանգստություն է առաջացնում, անհանգստություն ծնող ազդանշաններ կան նաեւ Վրաստանում:
Վեհաժողովը այդ երկրներին կոչ է արել զերծ մնալ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքներից եւ բռնաճնշումներից, հատկապես, ֆիզիկական հարձակումներից, ապօրինի ձերբակալություններից, վարչական կամ դատական հետապնդումներից, նորմալ պայմաններ ստեղծել իրավապաշտպանների գործունեության եւ պաշտպանության համար, խուսափել նրանց գործունեությունը եւ ֆինանսական օգնությունները սահմանափակող օրենքների ընդունումից, նրանց դեմ վարկաբեկիչ արշավներից, ակտիվորեն աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, համերաշխություն ցուցադրել մարդու իրավունքները պաշտապնող կազմակերպություններին եւ անձանց նկատմամբ վերաբերմունքում: