Իրանահայ համայնքը` համաշխարհային Press TV-ի եթերում

Համաշխարհային լսարան ունեցող, իրանական անգլալեզու միջազգային Press TV հեռուստաընկերության եթերում օրերս հայկական համայնքն էր՝ այս երկրում իր պատմական ներկայության մասին վկայող հուշարձաններով, հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ներդրումներով:

yerkirmedia.am-ի փոխանցմամբ՝ հեղինակն իր պատմությունը սկսում է Սպահանի՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցուց, որն իր հրաշալի ճարտարապետության ու որմնանկարների շնորհիվ քաղաքի ամենահայտնի եւ ամենաշատ այցելուներ ունեցող վանքն է: «Սպահանի մեր եկեղեցիների գմբեթների ճարտարապետությունը բացառիկ է: Մահմեդականների նկատմամբ ունեցած հարգանքի շնորհիվ այդ դարաշրջանի ճարտարապետները պահպանել են որոշակի ներդաշնակություն եկեղեցիների եւ մզկիթների միջեւ»,- նշում է Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Նոել Մինասյանը:

Հաղորդման հեղինակն հեռուստադիտողի ուշադրությունն է հրավիրում վանքի տարածքում գտնվող հուշահամալիրի վրա, որը նվիրված է Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրադարանին եւ թանգարանին:   «Այս փոքրիկ թանգարանում դուք կարող եք տեսնել այն, ինչ չեք տեսնի արեւելքի որեւէ այլ թանգարանում»,- ասում է հեղինակը՝ ցուցանելով Իրանում լույս տեսած առաջին գիրքը, որն այստեղ է պահվում:

Հայերը միշտ ակտիվ դերակատարություն են ունեցել Իրանի հասարակական կյանքում: Այս հուշարձանը նվիրվում է այն քաջ հայ զինվորներին, որոնք իրանցի եղբայների հետ զոհվել են իրան-իրաքյան պատերազմում: «Պատերազմի ընթացքում զինվորների հեռանալու թույլտվությունը չեղյալ էր հայտարարվել: Նույնիսկ իմ հրամանատարին թույլ չտվեցին հեռանալ: Բայց նա ինձ կանչեց եւ ասաց, որ հեռանալը քո իրավունքն է, կարող ես Ամանորն ընտանիքիդ հետ անցկացնել: Տղաներին լքելը, իհարկե, շատ դառն էր: Բայց մյուս կողմից հաճելի էր նորից տեսնել ընտանիքիս»,- հիշում է պատերազմի վետերանը:

Ըստ հեղինակի, կրոնական փոքրամասնությունները միշտ հարգված են եղել Պարսկաստանում: Որպես դրա վկայություն՝ ցուցադրվում են կադրեր Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի այցից՝ որդուն կորցրած հայ ընտանիքին:

Հայերն ակտիվ են Իրանի նաեւ քաղաքական կյանքում: Խորհրդարանում հայ պատգամավորները երկուսն են:   «Հայերն ապրում են Իրանում՝ օգտվելով հասարակական եւ քաղաքական հատուկ իրավունքներից: «Ալիքը» հայկական քաղաքական-հասարակական օրաթերթն է, որն Իրանում լույս տեսած 2-րդ թերթն է»,- նշում է Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Մինչ Ամանորի եւ Սուրբ ծննդյան մաղթանքներով հաղորդումը եզրափակելը՝ հեղինակը շտապում է Թեհրանի հայկական անկյուններից մեկը՝ տոնական քաղցրավենիքները ճաշակելու:

 

Scroll Up