Մեկնարկել է համահայկական մանկական ցուցահանդեսների նախագիծը

«Հայոց Մեծ եղեռն.դատապարտում են երեխաները» համահայկական մանկական ցուցահանդեսների (այսուհետ`ՀՄՑ) կազմակերպման հնգամյա նախագիծը գործարկվել է «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի կողմից:
Հայոց մեծ ողբերգության մշակութային դատապարտմանը նվիրված համահայկական մանկական ցուցահանդեսները կազմակերպվում են 2015-2020 թվականների ընթացքում` ամեն տարի անցկացվող դպրոցական, էլեկտրոնային և համահայակական (ավարտական միջոցառումներ) ցուցահանդեսների միջոցով:
Ցուցահանդեսներին մասնակցելու են աշխարհի բոլոր մասերում ապրող հայ երեխաները, ովքեր սկզբնական` դպրոցական (համայնքային), էլեկտրոնային, և համահայկական ցուցահանդեսների գլխավոր ցուցադրություններին ներկայացնելու են իրենց կողմից գունավորված նկարները, ստեղծագործական մրցույթների համար պատրաստած հեղինակային աշխատանքներն ու ստեղծագործությունները:
2015-2016 թվականներին «Հայոց Մեծ եղեռն. դատապարտում են երեխաները» համահայկական ցուցահանդեսներին մասնակցելու համար երեխաներին առաջարկվում են հայ ռազմական մշակույթի, հայ գրական արվեստի և հայ կինոարվեստի, հումանիստական գործունեության (հումանիզմի) արժեքների կիրառությամբ ստեղծված մանկական գունավորման ալբոմներ, որոնցում ներկայացված են հայ ժողովրդի դարավոր պայքարը արտաքին թշնամինների դեմ, մեր պատմության լավագույն էջերը` հայոց ազատագրական շարժումները բոլոր ժամանակներում, հայ ժողովրդի ռազմական պայքարի առաջնորդներն ու նրանց հերոսական պայքարը, հայոց բանակի ստեղծման պատմական իրադարձությունները, հայ զինվորի կերպարը, հայոց պետականության ձևավորման երկարատև փորձություններն ու պատմական իրադարձությունները:
Մշակութային դատապարտմանն նվիրված բոլոր ցուցահանդեսների ու մշակութային միջոցառումների գլխավոր մասնակիցը հայ երեխաներն են, ինչպես նաև աշխարհում ապրող այլազգի երեխաները, ովքեր մասնակցում են մշակութային դատապարտմանը նվիրված բոլոր միջոցառումներին սեփական հեղինակային աշխատանքներով` հանդես գալով որպես ցուցահանդեսային միջոցառումների լիարժեք կազմակերպիչներ ու գործընկերներ:
Մանկական ցուցահանդեսների համար պատրաստված գունավորման ալբոմները ներկայացնում են հայ և այլազգի գործիչների, մտավորականների, հումանիստների անձնական գործունեությունն ու ջանքերը` ուղղված խաղաղության պահպանությանը, պատերազմների վերացմանը և այլն:
Հայ ռազմական մշակույթը ներկայացնող ալբոմների առաջին շարքն ունի «Հայոց սպարապետներ» անվանումը: Հիմնադրամի կողմից 2015-2020 թվականների ընթացքում թողարկվելու են հայ ռազմական մշակույթին նվիրված բազմապիսի ալբոմներ՝ «Վարդան Մամիկոնյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան» , որոնցից «Վազգեն Սարգսյան» մանկական գունավորման ալբոմը արդեն թողարկվել է: Այս ալբոմը նվիրված է Արցախյան ազատամարտի ռազմական առաջնորդ և հայոց բանակի հիմնադիր, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին և նրա ընկերներին` մահապարտների հատուկ զորագնդի կամավորներին:
«Վազգեն Սարգսյան» մանկական գունավորման ալբոմը նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների համար: Գունավորելով ալբոմի գծանկարները՝ երեխաները ի մասնակցում են «Հայոց Մեծ եղեռն.դատապարտում են երեխաները» հնգամյա նախագծով կազմակերպվող համահայկական մանկական ցուցահանդեսներին: