Պոլսահայ գործիչը ստանձնել է Բաքրքյոյի թաղապետի խորհրդականի պաշտոնը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր  «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պոլսահայ ներկայացուցիչ, Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանային խորհրդի նախկին անդամ Օհաննես Կարապետյանը ստանձնել է Բաքըրքյոյ շրջանի ՏԻՄ ղեկավարի խորհրդականի պաշտոնը:

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի տեղեկացմամբ՝ Կարապետյանի գործունեությունը կապված է լինելու ազգային և կրոնական  փոքրամասնությունների և մասնավորապես Ստամբուլի հայ համայնքին հուզող խնդիրների հետ, գրում է ermenihaber.am-ը:

«Ակօս»-ի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ աշխատանքներ են տարվելու հատկապես հայկական դպրոցներին, զբոսանքներին և հուղարկավորման արարողություններին տրամադրվող ավտոբուսների թվի մեծացման, հայկական Դադյան դպրոցին և համայնքի նմանատիպ կառույցներին առավել մեծ աջակցություն ապահովելու ուղղությամբ:

Նորանշանակ խորհրդականն ընդգծել է նաև, որ իր գործունեությունը չի սահմանափակվելու միայն հայ համայնքի խնդիրներով: Ուշադրության կենտրոնում են պահվելու նաև հունական և սիրիական համայնքին հուզող հարցերը: Օհաննես Կարապետյանը մասնավորապես ընդգծել է, որ աշխատանքներ են տարվելու Բաքրքյոյում փակված սինագոգի բացման ուղղությամբ:

Scroll Up