Հայոց ցեղասպանության մասին Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը կընդգրկվի ֆրանսիական կինովարձույթում

Նոյեմբերի 11-ից ֆրանսիական կինովարձույթում կընդգրկվի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի խենթի պատմություն» («Խենթ պատմություն») ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Nouvelles d`Armenie-ն:

Ֆիլմը նկարահանվել է ողբերգարական իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ռեժիսորն անդրադարձել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործունեությանը: Գեդիկյանը նշել է, որ ֆիլմի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել են իսպանացի հայտնի գրող ու լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի կյանքն ու գործունեությունը: Գուռիարանը 1980 թվականին ծանր վիրավորվել է ԱՍԱԼԱ-ի մարտիկների կողմից Մադրիդում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Նրանց դատապարտելու փոխարեն, սակայն, իսպանացին փորձել է հասկանալ, թե որն է եղել այդ ամենի շարժառիթը:

Այդ իրադարձությունից կարճ ժամանակ անց լրագրողը հրատարակել է «La Bomba» («Ռումբը») գիրքը, որտեղ սեփական կյանքի պատմությունը համադրել է հայ ժողովրդի ողբերգական պատմության հետ:

Գեդիկյանի «Մի խենթ պատմություն»-ն այս տարի ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, այս ֆիլմով է ազդարարվել նաև «Ոսկե Ծիրան» Երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Գրեգուար Լըպրենս Ռենգեն, Սերժ Ավետդիքյանը, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը և այլք:

Scroll Up