Ստամբուլի դատախազությունը հետ է ուղարկել Դինքի գործով ներկայացված մեղադրական ակտը

Ստամբուլի հանրապետական դատախազությունը Հրանտ Դինքի սպանության գործում պաշտոնյաների անփութության առկայության առնչությամբ տարվող հետաքննության շրջանակում կազմված մեղադրական ակտը հետ է վերադարձրել դատախազին «թերությունների առկայության» հիմնավորմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուերիեթ» պարբերականը: Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դատախազ Գյոքալփ Քյոքչուն ավարտել է հետաքննությունը Դինքի սպանության գործում պաշտոնատար անձանց «անփութության» վերաբերյալ:
Դատախազը 25 կասկածյալի վերաբերյալ պատրաստած մեղադրական ակտը հավանության արժանացնելու նպատակով ուղարկել է Ստամբուլի հանրապետական դատախազություն: Դատախազությունը, սակայն, թերությունների առկայության հիմնավորմամբ որոշում է կայացրել մեղադրական ակտը հետ ուղարկել դատախազին:
Գյոքալփ Քյոքչուն պետք է վերացնի թերությունները և այն կրկին ուղարկի հանրապետական դատախազություն: Հետաքննության շրջանակում անվտանգության աշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Օզքան Մումջուն և Էրջան Դեմիրը ձերբակալվել էին «հանցագործության մեջ անփութության առկայության», անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի ղեկավար Ռամազան Աքյուրեքը` «անփութության պատճառով մահվան պատճառ դառնալու», իսկ Ստամբուլի հետախուզական բաժանմունքի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը` «կանխամտածված սպանությանն աջակցելու» և «հանցանք գործելու նպատակով հանցախումբ ստեղծելու» հիմնավորումներով:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:
Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել: