ԱՄՆ-ում կկայանա Լոս Անջելեսի հայերի մասին պատմող «Արամ, Արամ» ֆիլմի պրեմիերան

Ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր Չամբերսի «Արամ, Արամ» ֆիլմը պատմում է 12-ամյա հայ պատանու մասին, որը Բեյրութում ծագած ողբերգական իրադարձությունների պատճառով լքում է երկիրն ու տեղափոխվում է Լոս Անջելես` պապիկի մոտ:  Այստեղ տղան ստիպված է լինում համակերպվել կյանքի նոր դժվարություներին` նոր միջավայր, անծանոթ հասարակություն… վատ շրջապատ:

«Արամի պապը` Արսենը, երաժիշտ էր, սակայն երբ նա ստիպված է լինում տեղափոխվել ԱՄՆ, ինչպես այստեղ եկած շատ հայեր, ևս սկսում է զբաղվել արհեստով, դառնում է կոշկակար: Արամը` նրա թոռնիկը, կրկին ստիպված տեղափոխվում է ԱՄՆ և չի կարողանում դիմադրել անծանոթ միջավայրի գայթակղություններին»,-պատմում է ռեժիսորն` ավելացնելով. «Գիտե՞ք` ինչու որոշեցի նկարահանել այս ֆիլմը: Հայտի է, որ Լոս Անջելեսում գերակշռում են հայերը, և նրանցից յուրաքանչյուրն էլ գալով այստեղ բախվում է նույն խնդիրներին: Նրանց մեծամասնության արտագաղթի պատմությունը կապված է Հայոց ցեղասպանույան հետ: Բոլորն էլ գալիս են այստեղ` մտածելով, որ ունենալու են շքեղ կյանք մեծ քաղաքում, սակայն որոշ ժամանակ անց հասկանում են, որ իրենց պատկերացումները ճիշտ չէին»:

Ռեժիսորի ցանկությամբ` ֆիլմում հայերին մարմնավորել են ազգությամբ հայ դերասաններ. «Ես հասկացա, որ այդպես ֆիլմն ավելի բնական կստացվի: Օրինակ, նկարահանումների ժամանակ հաճախ խնդրում էի դերասաններին անգլերենից անցում կատարել հայերենի: Ամերիկացի դերասանները չէին կարողանա դա անել»:

«Արամ, Արամ» ֆիլմը ոչ միայն ցուցադրվել է  «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում, այլև դարձել է հայերի մասին պատմող առաջին ֆիլմը, որը ներկայացվել է Լոս Անջելեսի կինոփառատոնին: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 16-ին:

իլմի գլխավոր դերերում հանդես են եկել Ջոն Ռուհինյանը, Լևոն Շարաֆյանը, Սևակ Հակոբյանն ու Ալլա Թումանյանը:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Scroll Up