Թուրք գրողի երազանքը. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կրկնօրինակը տեսնել Անկարայում

«Իմ ամենամեծ երազանքն է, որպեսզի Անկարայում բացվի Ծիծեռնակաբերիդի հուշահամալիրի կրկնօրինակը, և ինչպես հայերն են ապրիլի 24-ին ծաղիկներ խոնարհում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանին, նույնը անեն և թուրքերը՝ Անկարայում»,- Երևանում այսօր ասել է գերմանաբնակ թուրք հայտնի մտավորական Քեմալ Յալչընը, ով առաջին անգամ է Հայաստանում և այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Ցնցված եմ, չափազանց հուզված: 5000-ից ավելի էջ եմ նվիրել հայ ժողովրդին ու Հայոց ցեղասպանությանը, բայց գիտեմ, որ դա ոչինչ է այն տառապանքի առաջ, որը վերապրել է այս ժողովուրդը: Հավատացեք, որ անկեղծորեն կրում եմ այդ ցավը իմ հոգու մեջ և գիտակցում, որ շատ բան ունեմ դեռ անելու ձեր արդար դատը պաշտպանելու համար»,-armradio.am-ի փոխանցմամբ՝ ասում է թուրք մտավորականը

Քեմալ Յալչընն այսօր խոստովանեց, որ Երևանում իր համար ամենամեծ  անակնկալը, թերևս, Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերի անուններով  թաղամասերն են՝ Մալաթիա, Սեբաստիա, Արաբկիր և այլն: Բացի այդ՝ ամենուր են թուրքական յաթաղանին զոհ գնացած հայ մտավորակականների, ինչպես նաև Կոմիտասի, Թեքեյանի, մյուսների անունները: «Ակնհայտ է, որ այդ աստաղաբույլի ներկայությունն ապրեցնում է այս հողը»,- ասում է թուրք գրողը։

«Չգիտեմ ես կտեսնեմ թե ոչ, բայց համոզված եմ, որ որդիս կտեսնի իմ ամենամեծ երազանքն իրականություն դարձած: Երազում եմ, որպեսզի Անկարայում բացվի Ծիծեռնակաբերիդի հուշահամալիրի կրկնօրինակը, և ինչպես հայերն են ապրիլի 24-ին ծաղիկներ խոնարհում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանին, նույնը անեն և թուրքերը՝ Անկարայում»,- ասում է Քեմալ Յալչըն։

Scroll Up