Բարերար Հրաչյա Պողոսյանը պարգեւատրվել է ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշանով

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը սեպտեմբերի 29-ին ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանին հանդիսավոր կերպով պարգեւատրել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշանով։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը բարձրաձայն ընթերցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ստորագրած հրամանը։ «Հայ-ռուսական հումանիտար եւ մշակութային կապերի ամրապնդման գործում նշանակալի անձնական ավանդի համար ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Միսակի Պողոսյանին պարգեւատրել «Համագործակցության համար» կրծքանշանով։ Լինելով հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հետեւողական կողմնակից, ձեր հասարակական եւ բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների պահպանման եւ վերականգնման գործին»,- նշել է դեսպանը իր ելույթում՝ հայ բարերարին մաղթելով քաջառողջություն, անսպառ էներգիա եւ պլանների իրականացում։