ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 Վեհափա՛ռ Տեր,

 Երկյուղածությամբ և ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Պատվո շքանշանով պարգևատրվելու առիթով:

 Ազգային և հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Հայաստանի Հանրապետության անկախության տոնին Ձեզ շնորհված պարգևը հավաստում է Ձեր Հայրապետական առաջնորդությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի, հեղինակության աննախադեպ բարձրացման և հայ ժողովրդի հավատի ամրապնդման գործում  նախանձախնդիր մոտեցման մասին:

 Ձեր գահակալության տարիները համընկան այն բարդ ու դժվարին ժամանակի հետ, երբ հայ ժողովուրդն ի լուր աշխարհի հայտարարեց իրեն իր երկրի տերն ու ժառանգորդը և անկոտրում կամքով լծվեց երկրի վերաշինման և հզորացման գործին:

 Վեհափա՛ռ Տեր, հավատն է ապրելու, արարելու, զարգացնելու, ստեղծելու, կառուցելու, շաղախն ու շարժիչ ուժը: Ձեր հայանպաստ գործունեությամբ, եկեղեցաշինությամբ, աստվածային իմաստնությամբ Դուք կարողացաք առաջնորդել թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հավատացյալ Ձեր հոտին` զորացնելու հավատն առ Աստված, առ Հայրենիք և դառնալ Հայոց պետականության և անկախության ամրապնդման աջակիցն ու զորավիգը:

 Վեհափա՛ռ Տեր,

Այս հատկանշական տարում անուրանալի են Ձեր ճիգերը Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացման, հայ ժողովրդի արդար դատին ու պահանջատիրությանն աշխարհի քաղաքակիրթ հասարակության ուշադրությունը բևեռելու, և այդ ճանապարհին արդարության հանդեպ միլիոնավոր մարդկանց հավատի վերականգնման ուղղությամբ:

 Օգտվելով առիթից` շնորհավորում եմ Ձեզ, հայոց ողջ հոգևոր դասին, Հայաստան ժամանած աշխարհասփյուռ ուխտավորներին հայ ժողովրդի համար հոգեպարար նշանակության Սրբալույս Մյուռոնի օրհնության առիթով:

Բոլորիս համար տեսանելի են Ձեր ջանքերը` ուղղված այս տարվա Մյուռոնօրհնության արարողության կազմակերպման ուղղությամբ, որը կարծես Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռնարկների տրամաբանական շարունակությունն է: Մյուռոնօրհնության արարողությամբ Դուք մեկ անգամ ևս առիթ եք ընձեռում աշխարհասփյուռ և օտար եկեղեցիների հոգևոր դասին և աշխարհիկ ներկայացուցիչներին վերստին մեր կողքին լինելու, մեր բարեկամությունը սերտացնելու, համոզվելու, որ հայ ժողովուրդը միասնական է իր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելիս և հավատում է իր պետության հզորացմանն ու վերելքին, Հայոց Եկեղեցու ամրությանը:

 Վեհափա´ռ Տեր, Հայրապետական Ձեր օրհնանքը և Սուրբ Մյուռոնի զորությունը թող զորավիգ լինեն համայն հայությանը, փորձության մեջ գտնվող Սիրիայի մեր հայրենակիցներին:

 Թո’ղ Ձեր Հայրական աջը միշտ առաջնորդի աշխարհասփյուռ հայությանը:

 Թո’ղ Աստված Ձեզ երկար, լուսավոր տարիների կյանք պարգևի համայն հայության զորակցությամբ՝ ստեղծագործելու և արարելու նոր ուժ ու եռանդ հաղորդի:

 ՄԱՏՉԻՄ Ի ՀԱՄԲՈՅՐ ՍՈՒՐԲ ԱՋՈՅԴ 

ՈՐԴԻԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄՈՎ`

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up