Թուրքերն, ապօրինի հատելով Վրաստանի սահմանը, 33 անասուն են գողացել Կարծախ գյուղից

Սեպտեմբերի 12-ի լույս 13 գիշերը թուրքերը ապօրինի հատել են վրաց-թուրքական սահմանը ու Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից գողացել 34 անասուն, որից մեկը հետ է վերադարձել գյուղ:
Ինչպես www.Akhaltskha.Net-ին հայտնեց Կարծախի գյուղապետ Ատոմ Հողմրցյանը, թուրքերը գիշերով են հատել սահմանը եւ իր 34 անասունին գողացել: Նրա խոսքերով իրավապահները գյուղացիների հետ միասին հավաքվել են եւ գնացել անասունների ոտնահետքերով եւ համոզվել, որ գողացողները հենց Թուրքիայի սահմանից են անցել:
«Ներկա պահին տվյալ հարցով զբաղվում են իրավապահները եւ սահմանապահները: Վաղը թուրքերը խոստացել են, որ սահման են գալու Արդահանի մարզպետարանի ղեկավարները եւ հանդիպելու ու խոսելու են կատարվածի շուրջ: Կարծախի ժողովուրդը բավականին մտահոգված է կատարվածով, քանզի դեպքը կարող է կրկնվել ու անասունների գողությունից բացի կարող են մարդկանց թալանել եւ այլ վնաս հասցնել: Այդ իսկ պատճառով ժողովուրդը այսօր հավաքվեց եւ ստիպեց դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները մեր հատվածում, որտեղ աշխատում են ադրբեջանցիները»,- ասում է Ատոմ Հողմրցյանը:
Նման դեպք առաջին անգամ է տեղի ունենում Կարծախ գյուղում: Ժողովրդի որոշմամբ՝ աշխատանքները չեն սկսվելու մինչեւ չհայտնաբերեն անասունները գողացողներին: Մարդիկ համոզված են, որ գողությունը տեղի չեր ունենա առանց տեղացիների օգնության, իսկ երկաթգծի շինարարության վայրում 24 ժամ շարժ կա: