Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին նվիրված միջոցառում Երևանում

Ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 17: 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան նիստերի դահլիճում (17-րդ մասնաշենք) տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին։ Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀԱՊՀ տեղեկատվության ապահովման բաժնից:

Երեկոյին կմասնակցեն ավանդական երգի-պարի համույթներ, կցուցադրվեն Հայրիկ Մուրադյանի արխիվային լուսանկարներ և կներկայացվեն նրա ժառանգորդների մասին պատմող նյութեր։

Երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի գավառի Ջնուկ գյուղում, 1905թ.մայիսի 3-ին: 1915թ. Մուրադյանների՝ 54 անձից բաղկացած գերդաստանը Շատախից գաղթել է Իրանի Սալմաստ գավառ, հետո վերադարձել Վան, ապա կրկին` Իրան, այնուհետև Իրաքի անապատներ: Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են ողջ մնացել այդ փորձություններից հետո: Մասնագիտությամբ եղել է պատմաբան և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Սակայն առավել հայտնի է դարձել որպես հին հայկական ժողովրդական երգերի կատարող: Ձայնագրվել է Հայաստանի ազգային ռադիոյում: Իր բարձրարվեստ կատարումներով վերականգնել Է Շատախի ժողովրդական երգերն ու պարեղանակները, հավաքել նորերը: Հիմնել ու ղեկավարել է «Վան», «Զարթոնք», «Զվարթունք» ազգագրական խմբերը: Հայրիկ Մուրադյանի կատարմամբ պահպանվել է շուրջ 200 երգ` «Հայրենի երգեր» ժողովածուներում (1980), «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» սկավառակների անթոլոգիայում (1971, Փարիզ), կինո և թատերական ներկայացումների երաժշտական ձևավորումներում: Բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում հնչել է նրա ձայնը: Եղել է «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն, որը հետագայում գլխավորել է նրա դուստրը` Մարո Մուրադյանը: Ստեղծել և գլխավորել է բազմաթիվ ազգագրական ուսանողական և մանկական համույթներ, որոնցից ամենահայտնին «Հայրիկ Մուրադյան» ազգագրական երգի-պարի համույթն է եղել: Մահացել է Երևանում, 1999թ. դեկտեմբերի 22-ին:

Scroll Up