Իմ պապերը հավասարություն էին ուզում, ուզում էին ապրել իրենց լեզվով և մշակույթով. Գարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանական քրդամետ կուսակցությանը ներկայացուցիչները համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի գլխավորությամբ այցելել են Սիրիայի հետ սահմանակից Հաքքարի նահանգ: Պատվիրակությունը նահանգի համանուն կենտրոնում հանդիպել է քաղաքի համանախագահի պաշտոնակատար Սանիյե Օզքանի հետ, որից հետո կուսակցության համանախագահը քաղաքապետարանի շենքի դիմաց իրենց այցի վերաբերյալ հայտարարություն է արել: Այս մասին, ermenihaber.am-ի փոխանցմամբ, գրում է թուրքական «haber61» լրատվական կայքը:
Կուսակցության համանախագահը հիշեցրել է, որ օրեր առաջ անարդար և անօրինական կերպով ձերբակալվել են Հաքքարիի համաքաղաքապետերը: Յուքսեքդաղը ասել է, որ վերջին շրջանում տարածաշրջանում իրականացված ձերբակալությունների վրա աչք չեն փակի: Նա նշել է, որ իրնքնակառավարումը իրավունք է, ասելով. «Վարչական տեսանկյունից մեր քաղաքը կառավարելու մեր ցանկությունն այսօր ռումբերով, փամփուշտներով և ձերբակալություններով է ընդունվում: Եթե այս երկրում որևէ իրավունքի մասին եք ուզում խոսել, ապա ամենագլխավոր իրավունքը ժողովուրդների ինքնակառավարման իրավունքն է»:
Յուքսեքդաղից հետո ելույթ է ունեցել նաև ԺԴԿ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Վերջինս հիշեցրել է, որ հարյուր տարի առաջ այդ տարածքներում հայեր և ասորիներ էին ապրում, որոնք նույնպես հավասարություն էին ուզում : «Իմ պապերը հավասարություն էին ուզում: Ուզում էին ապրել իրենց լեզվով և մշակույթով: Ինչ-որ մարդիկ այդ հավասարությունը չուզեցին: Նրանք հայ, ասորի և հույն ժողովուրդների վրա ձեռք բարձրացրեցին: Այս հողերը ամայացրին: Ասացին, թե քրդերի և թուրքերի հավասարություն է լինելու, բայց չեղավ: Մյուս ազգերի վրա ձեռք բարձրացնողները քրդերի համար էլ հավասարությունը շատ համարեցին: 100 տարվա բռնությունը շարունակվում է: Մենք՝ բոլոր այդ ազգերը հավաքվել ենք ԺԴԿ-ում: Այժմ նրանք վախենում են այդ միասնականությունից»,-ասել է Փայլանը: Նա նաև վստահություն է հայտնել, որ իրենք նոյեմբերի 1-ին (խորհրդրանական վաղաժամ ընտրությունների օրը- խմբ.) ձեռքի ձեռքի տված կքանդեն վախի մթնոլորտը: