Դեսպան Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի մարդու իրավունքների պետական հանձնաժողովի նախագահի հետ

Օգոստոսի 21-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ինդոնեզիայի մարդու իրավունքների պետական հանձնաժողովի նախագահ Նուռ Խոլիսի հետ:

Հանդիպման սկզբում Նուռ Խոլիսը հակիրճ ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, ինչպես նաև ներգրավվածությունը տարբեր միջազգային հարթակներում:

Դեսպան Աղաջանյանը, իր հերթին, ներկայացրեց Հայաստանում՝ պետական և հասարակական մակարդակով, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, մասնակցությունը մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Նուռ Խոլիսը նաև պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

Scroll Up