Կայացել է «Հայորդիներ» սկաուտական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը
Նախօրեին կայացել է Արցախի «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Շուշիում գործող «Միասին՝ հանուն Արցախի» նշանաբանով «Հայորդիներ» սկաուտական ամենամյա բանակումի փակման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է Artsakhpress-ը, ամփոփելով բանակումի արդյունքները, «Հայկի սերունդ» ՀԿ նախագահ Արմինե Պետրոսյանը նշեց, որ իրենց գլխավոր ձեռքբերումը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում ապրող պատանիների ու երիտասարդների համախմբումն էր ճամբարային հավաքի շրջանակում:
Բացի այդ, ինչպես նկատեց, Ա. Պետրոսյանը, արդեն 6-րդ անգամ կազմակերպվող բանակումը նպաստում է հայ երիտասարդների միասնության ամրապնդմանը, ինչը նոր հաղթանակների գրավականն է: Ա. Պետրոսյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել ԼՂՀ բոլոր այն գերատեսչություններին և անհատ անձանց, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերել ճամբարի կազմակերպմանն ու կայացմանը:
ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանն իր խոսքում կարևորեց ճամբարի շրջանակներում մասնակիցներին մատուցված գիտաուսումնական ու հայրենասիրական դասընթացները, որոնք ճամբարի մասնակիցներին պետք կգան նոր ուսումնական տարում:
Բացի այդ, կարևոր են նաև մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելուն և մրապնդելուն նպատակաուղղված դասերը, որոնք «Հայորդիներ» սկաուտական ճամբարի առօրյայի մասն են կազմել այս ընթացքում:
«Հայկի սերունդ» ՀԿ-ի անցած ուղին ներկայացրեց բանակումի հայրենասիրական դասընթացների դասատու Լորետա Սաղյանը:
Այնուհետև հիմնի ներքո, իջեցվել են ճամբարում տեղակայված ՀՀ, ԼՂՀ և կազմակերպության դրոշները, որին հետևել է բանակումի ակտիվ մասնակիցներին պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրման արարողությունը:
Ճամբարի փակման արարողությանը հայրենասիրական, ազգագրական երգ ու պարով և ասմունքով հանդես են եկել Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի պարի պետական համույթը, ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը և ճամբարականներ:
Փակման հանդիսավոր արարողությանից հետո ճամբարականներին ու ներկաներին համախմբել է ավանդական խարույկը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, Շուշիի շրջվարչակազմի և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ և հյուրեր:
Նշենք, որ Արցախի «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Միասին՝ հանուն Արցախի» նշանաբանով «Հայորդիներ» սկաուտական 5-րդ ամենամյա բանակումը Շուշիում մեկնարկել էր հուրլիսի 17-ին: Ճամբարի տասնօրյա տևողությամբ երեք հերթափոխերում ընդհանուր առմամբ ընդգրկվել է մոտ 450 մասնակից՝ Երևանից , Արցախի տարբեր բնակավայրերից և Սիրիայից: