Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել Ս. Աստվածածնի տոնի առթիվ
Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող Վաքըֆլըյում, Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ պատարագ է մատուցվել:
Պատարագը մատուցել է Պոլսո հայ պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը՝ Ավետիս Թաբաշյանի օգնականությամբ: Պատարագին մասնակցել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության » (ԺՀԿ CHP) պատգամավոր հայազգի Սելինա Դողանը և քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Պատրիարքի փոխանորդն օրհնել է եկեղեցում բոլոր ներկա գտնվողներին: Պատարագից հետո եկեղեցու բակում պատրաստվել է այցելուներին է բաժանվել ավանդական հայկական հարիսա:
Լրագրողների հետ զրույցում, գրում է ermenihaber.am-ը, Սելինա Դողանը նշել է, որ շնորհավորում է ողջ աշխարհի հայերին Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ և օրհնված բերքի առատություն մաղթում:
«Խորհրդարանում իմ առաջին քայլը կլինի ապահովել ատելության վրա հիմնված հանցանքների հետ կապված օրինագծի՝ հնարավորինս արագ կյանքի կոչումն ու կիրառումը: Մենք բոլորս հասարակական համերաշխության, եղբայրության և դրական երկխոսության կարիք ունենք: Իսկ դրա համար համապատասխան օրինական հիմք է պետք»,- ասել է Սելինա Դողանը՝ հավելելով, որ օրեսդիր մարմնի աշխատանքները սկսելուն պես ինքը կսկսի աշխատել այդ ուղղությամբ: