«Վիեննայի հայերը». Մոցարտի, Բեթհովենի, Շտրաուսի քաղաքի հանրահայտ սրճարանային մշակույթը կապված է հայերի հետ
Աշխարհի ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրներից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան երկրագնդի ամենաաշխույժ քաղաքներից է, որտեղ բնակվում է 7000 հայ:
Հայերն այստեղ ակտիվ համայնքային գործունեություն են ծավալում, կապված են իրենց կրոնին, լեզվին և Հայկական հարցին: «Ասպարեզ» պարբերականը հրապարակել է Քեթրին Եսայանի «Վիեննայի հայերը» վերտառությամբ ուշագրավ հոդվածը Մոցարտի, Բեթհովենի, Շտրաուսի քաղաքում հաստատված հայ համայնքի մասին:
Վիեննայի Հայկական հրապարակում (Armenierplatz) է գտնվում հայկական եկեղեցին, որ 300 անդամ ունի: Այստեղ պատարգ և կիրակնօրյա դասեր են անցկացվում` հայապահպանությանը նպաստելու նպատակով: Տեղի հայ համայնքի անդամներից մեկի պատմելով, հայերի հետ է կապված նաև Վիեննայի հանրահայտ սրճարանային մշակույթը:
Հայտնի է է, որ Վիեննայում առաջին սրճարանը բացել է Հովհաննես Աստվածատուրը 1685 թվականի հունվարի 17-ին: Դրանից ի վեր սրճարանները կարևոր դեր են խաղացել Վիեննայի հասարակական կյանքում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ապրիլին մի շարք ծրագրեր են իրականացվել, հեռուստա և ռադիոհաղորդումներ հեռարձակվել Ավստրիայում, որոնց նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը:
Ապրիլի 7-ին Եվրոպական միության պալատում քննարկում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ` Ավստիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման կոմիտեի և Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Կիրակոսյանի ջանքերով:
Իսկ ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունները համատեղ հայտարարություն արեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Հայտարարության ընդունումը կարելի է համարել Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Թուրքիան անմիջապես հետ կանչեց այդ երկրում իր դեսպանին:
Հայերն Ավստրիայում բնակություն են հաստատել դեռեւս 17-րդ դարում: Հայերի ավելի ստվար խումբ այստեղ հաստատվեց 19-րդ դարասկզբին, երբ 1810թ. Վիեննա փոխադրվեցին Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված միաբանները: Առաջին աշխարհամարտից հետո Ավստրիայում ապաստան գտան մի քանի տասնյակ հայ ընտանիքներ Թուրքիայից եւ Արեւմտյան Հայաստանից: Սակայն հայերի ամենամեծ հոսքը դեպի Ավստրիա տեղի ունեցավ 1970-ական թվականների երկրորդ կեսին, երբ հիմնականում Վիեննա տեղափոխվեցին հայեր Լիբանանից եւ Իրանից` այդ երկրներում ստեղծված անբարենպաստ քաղաքական կացության պատճառով: Այդ ժամանակաշրջանում էլ ձեւավորվեց Ավստրիայի հայ համայնքը: 1990-ական թթ. սկզբներին Ավստրիայում երեւացին հայեր Ադրբեջանից եւ Հայաստանից: 1995թ. դրությամբ հայերի թիվը կազմեց շուրջ 2-2,5 հազար մարդ:
Ավստրիայում գործում է Հայ Առաքելական եկեղեցու համայնքը: Այն ունի իր եկեղեցական վարչությունը եւ հոգեւոր հովիվը: