«Բազե» համահայկական հավաքը Ծաղկաձորում կհամախմբի շուրջ 500 երիտասարդի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Baze-300x225.jpg)
«Բազե» հավաքի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով։ Մասնակցության համար դիմում են շատերը, սակայն ընտրվում են լավագույնները, որոնք հավաքի ընթացքում պետք է մասնակցեն մշակութային, սպորտային և ինտելեկտուալ մրցույթներին։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը:
Հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Արուսյակ Պողոսյանը շեշտել է, որ կա որդեգրած սկզբունք. հավաքին կարող են մասնակցել մեկ անգամ։ Մասնակցության կրկնություն թույլատրվում է միայն ջոկատի ղեկավարներին, քանի որ կարևոր է, որպեսզի վերջիններս ունենան որաշակի փորձ։ Հավաքի մասնակիցների տարիքի նվազագույն շեմը 18-ն է, առավելագույնը՝ 30-ը։
«Բազե նորաձևություն» մրցույթի ժյուրիի նախագահ, դիզայներ Արամ Նիկոլյանը, խոսելով նորաձևության մրցույթի մասին, նկատում է, որ երիտասարդները բավականին ստեղծարար են։ Դիզայներն ընդգծել է, որ հաշվի առնելով սահմանափակ ժամանակը, հնարավորությունները (միայն ձեռքով աշխատանք, միայն մեկ գույնի նյութերի առկայություն և այլն)՝ շատ քիչ պրոֆեսիոնալներ կկարողանային այդ ամենը պատվով կատարել։ Արամ Նիկոլյանը՝ որպես նորաձևության մրցույթի ժյուրիի բազմամյա նախագահ, տեղեկացրեց, որ այս տարիների ընթացքում հագուստները չեն կրկնվել։
«Բազե» հավաքի կարմիր ճակատի գեղարվեստական ղեկավար Արման Խաչատրյանը (Արմուշ) ասել է, որ ամեն տարի հավաքի ընթացքում ինքը ծանոթանում է տաղանդավոր երիտասարդների հետ։ Նա նաև ավելացնում է, որ հենց դա է իր երիտասարդ մնալու գաղտնիքը, քանի որ ինքն արդեն մոտենում է 40-ամյա տարիքին, բայց իր ընկերները 25-ամյա երիտասարդներ են։
«Բազե» համահայկական մրցույթը 7 օրերի ընթացքում համախմբում է շուրջ 500 երիտասարդի, ովքեր մրցում են մշակութային, մարզական, ինտելեկտուալ խաղերում, ունենում հանդիպումներ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ «Բազե 2015»-ը ներկայանալու է ինքնատիպ ոճավորմամբ։ Բազեականների շապիկները զարդարելու են հայկական թագավորական տոհմերի զինանշաններն ու ազգային զարդանախշերը։
«Բազեն» առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին։ Այս տարիների ընթացքում այն մշտապես եղել է պահանջված երիտասարդական ծրագիր։ Պահպանելով հավաքի հիմքում դրված սկզբունքները (առողջ մրցակցություն, երիտասարդների համախմբում, սեփական ուժերը դրսևորելու հնարավորություն)՝ կազմակերպիչները մշտապես նոր տարրեր են մտցնում հավաքի օրակարգում։
13 տարիների ընթացքում «Բազե» հավաքին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ։