Ֆրանսահայ ընտանիքը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուն զանգեր է նվիրել

Երեկ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում առաջին անգամ լսվել է զանգերի ղողանջներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և հավելել, որ եկեղեցու զանգերը նվիրել է ֆրանսահայ Տանկրեզ ընտանիքը:

«Չնայած զանգեր չունենալու հանգամանքին՝ եկեղեցին լիարժեք գործում էր և մշտապես կատարվում էին եկեղեցական արարողություններ: Այսուհետ զանգերի ղողանջները պետք է, որ ավելի պարտավորեցնեն, որպեսզի մենք այդ հնչյունների ներքո ոգևորված և զորացած մեր առաքելությունը կատարենք»,-ասել է քահանա Մովսիսյանը:

Հոգևոր հովվի խոսքով՝ զանգը եկեղեցու լեզուն է, որով մարդկանց կանչում է ժամերգության և պատարագի:

«Զանգը կախվել է եկեղեցու զանգակատանը:Մեզ համար մեծ ուրախություն է, որ վերջապես եկեղեցին ունեցավ զանգեր»,-նշել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

Նշենք նաև, որ զանգերը օրհնվել և կախվել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ:

Scroll Up