Բնակարաններ` Գյումրու անօթեւան ընտանիքներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարաններ է նվիրաբերել Գյումրիի անօթեւան կարիքավոր ընտանիքներին: Այս մասին հայտնում են Հիմնադրամի լրատվության բաժնից:

2014 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում գնվել է 17 բնակարան. 12 ընտանիք արդեն նշել է նորամուտը: Բնակարանները բարենորոգ են, կահավորված եւ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով:
Բնակարանները ձեռք են բերվել 2014թ. սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներով: Նախաձեռնության շրջանակներում բնակարաններ են նվիրաբերել անհատ բարերարներ Անդրանիկ Բաղդասարյանը, Վահե Կարապետյանը, Հարո Ջորդանը, Հայկ Քելեջյանը, Սամվել Բալասանյանը եւ ARTN Shant ընկերությունը: Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանի նախաձեռնությամբ ծրագրին միացել է նաեւ գերմանահայ համայնքը, որի հանգանակություններով բնակարաններ է նվիրաբերվել միայնակ մայրեր Աննա Սարգսյանի եւ Ռուզաննա Եղոյանի ընտանիքներին:

Բոլոր այս ընտանիքներն ապրում էին ծայրահեղ անբարենպաստ պայմաններում` նկուղներում կամ խարխուլ տնակներում ու հանրակացարանի սենյակներում` զուրկ կենցաղային տարրական պայմաններից: Տարագիր ճակատագրերով այս ընտանիքներն արդեն իսկ ունեն սեփական կացարան եւ կարող են հարմարավետ պայմաններում մեծացնել իրենց երեխաներին:

“Ամեն կերպ ջանում էի, որ երեխաներս սոված չմնան, բայց տուն ունենալու մասին նույնիսկ չէի կարող երազել”,հուզմունքը չթաքցնելով` պատմում էր միայնակ մայրերից Ռուզաննան:

Հունիսի 28-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ երկրորդ հեռուստամարաթոնը, որի հանգանակած գումարներով առաջիկա ամիսների ընթացքում կգնվեն նոր բնակարաններ: “Ծրագիրը շարունակական է լինելու”,- տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Scroll Up