«Երբեք մի վախեցեք մեծ նպատակներից». հանդիպում Աշոտ Հակոբյանի հետ
Հունիսի 19-ին կայացավ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախաձեռնած «Ականջդ բեր ասեմ» ծրագրի հերթական հանդիպումը, որի հյուրն այս անգամ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանն էր:
Ինչպես պարզվեց հանդիպման ընթացքում՝ ներկայիս գործադիր տնօրենը հասցրել է իր ուժերը փորձել հասարակական ամենատարբեր ոլորտներում և ձեռք բերել տարբեր մասնագիտություններ. ինժեներ-տնտեսագետ, մանկավարժ, մարդու իրավունքների մասնագետ, բիզնեսմեն, թրեյներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամենատարբեր հարցեր, որոնց, իհարկե, տրվեցին նաև սպառիչ պատասխաններ: Հիմնվելով իր անցած ճանապարհի վրա՝ Աշոտ Հակոբյանը հորդորեց չբացառել այն փոփոխությունները, որոնք մեր կյանքն անհամեմատ ավելի լավն են դարձնում, իսկ հաջողությունների հասնելու հարցում կարևորեց այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են շարունակական ինքնակրթությունը, նախաձեռնողականությունն ու նպատակասլացությունը:
«Երբեք մի՛ վախեցեք մեծ նպատակներից: Դրե՛ք ձեր առջև նպատակներ, կազմե՛ք դրանք իրականացնելու մեխանիզմներ և ամեն օր քայլ առ քայլ առա՛ջ գնացեք»,- ասաց նա:
Բիզնեսի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև ներկաներից Մարիամը, ով, լինելով այդ ոլորտում, առանձնացրեց երեք էական նրբություն.
«Առաջին հերթին բիզնես ոլորտում շատ կարևոր է համապատասխան անհատականություն ունենալը, քանի որ այստեղ պարզ երևում է քո անձը: Երկրորդ՝ բիզնեսում երևում է մեր սեռը, քանի որ տարբերվում են կնոջ և տղամարդու գործելաոճը»: Նա նաև կարևորեց մասնագիտության ճիշտ ընտրությունը:
Հանդիպման վերջում Աշոտ Հակոբյանը երիտասարդներին կոչ արեց վստահել սեփական ուժերին: Անգամ երբ մի ոլորտում մեզ մոտ ոչինչ չի ստացվում, հուսալքվել պետք չէ, քանի որ մենք կարող ենք լավագույնը լինել մեկ այլ ոլորտում:
«Աստված ստեղծել է մարդուն՝ տալով զարգանալու անսահման հնարավորություններ: Մեզանից հասնում է հավատալ դրան և դարձնել այն համոզմունք: Շարունակե՛ք սովորել, երբեք մի՛ տրտնջացեք, և եղե՛ք նախաձեռնող»,- ասաց Աշոտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ արդեն 4 ամիս շարունակ իրականացվող «Ականջդ բեր ասեմ» հանդիպումների շարքը կազմակերպվել է «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի համատեղ ջանքերով:
Գոհար Վարդանյան