Հայրենիքը գիտի գնահատել

Դանիել Վարուժան Հեճինյանը պարգևատրվեց Մովսես Խորենացի մեդալով:

2015 թ-ի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահի պետական բարձր պարգևով՝ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրեց ամերիկահայ նկարիչ, « Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան հեճինյանին՝ հայրենիք – սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանի գործում ներդրած ավանդի, ինչպես նաև արվեստի բնագավառում իր ակնառու նվաճումների համար։

2015 թ-ի ապրիլի 22-23ին Երևանում կայացավ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը: Ֆորումի երկրորդ օրը ելույթ ունեցավ Վարուժան Հեճինյանը՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովի շրջանակներում: Նախքան ելույթը նրան ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հիշատակելով Հեճինյանի բազմամյա ներդրումները՝ արտերկրում հայ արվեստի տարածման և նրա նշանակալի ավանդը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Վարուժան Հեճինյանն իր ելույթում նշեց . «100 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացվեց ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից: Բազմաթիվ արտասահմանյան քաղաքական գործիչներ, դեսպաններ, հյուպատոսներ և լրագրողներ հերթական պարբերականներով ահազանգեցին ծրագրված սպանդի մասին՝ իրենց վերադասներին հորդորելով չլինել լուռ ու անտարբեր: Ցավոք, գերտերությունները ցուցաբերեցին քար անտարբերության՝ ելնելով իրենց անձնական կամ քաղաքական շահերից՝ կանգնելով ընդդեմ խաղաղության, ճշմարտության և արդարության: Գերմանիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ուրիշները ոչինչ չարեցին հանցագործությունը դադարեցնելու համար: Այդ երկրները նույնպես պետք է մեղադրվեն քայլեր չձեռնարկելու մարդկության դեմ իրագործված ոճիրը կանխելու համար»:

Դանիել Վարուժան Հեճինյանն իր կյանքը ներդրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ազգանվեր գործին։ Նա միաձուլել է իր մշակութային ժառանգությունն ու արվեստը՝ նպաստելով համընդհանուր խաղաղության գաղափարին, նա հաղորդակից է մարդկային տառապանքներին և գովերգում է մարդկային ոգու հաղթանակն իր արվեստում։

1996 թ-ին սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ Վարուժանը բարձրացրեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող մեծածավալ ցուցապաստառներ ԱՄՆ-ում՝ որը դարձավ ամենամյա ավանդույթ՝ վերջին տասնինը տարիների ընթացքում հանրությանը ներկայացնելով Հայոց ցեղասպանության ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ:

2003 թ-ին նա հիմնել է «Խաղաղության արվեստ» (www.peaceofart.org) անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որը 2004-2015 թթ-ի ընթացքում հովանավորել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված գովազդային վահանակների տեղադրումը ԱՄՆ-ի տարբեր նահանգներում։

2004 թ-ից ի վեր «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը Միացյալ Նահանգներում կազմակերպել է քսանհինգ ցուցահանդեսներ՝ միացնելով տարբեր համայնքների և տարբեր երկրների մարդկանց համընդհանուր արվեստի լեզվով, իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը։

Վարուժան Հեճինյանն ԱՄՆ-ում նկարազարդել է յոթ հայկական եկեղեցիներ՝ ընդգրկելով ավետարանական թեմաներ, ինչպես նաև հայրապետների, առաքյալների, ավետարանիչների, հայ և տիեզերական սրբերի սրբապատկերները: Նա հավատարիմ է մնացել հայկական որմնանկարչության ավանդույթներին՝ պահպանելով դասական ձևը և կոմպոզիցիոն պարզությունը։

2014 թ-ին Վարուժանի նախագծով և «Մարիմաք Վալլի» Հայոց ցեղասպանության հիշատակման հանձնախմբի նախաձեռնությամբ Լոուել քաղաքի քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրացավ «Մոր ձեռքերը» անունը կրող հուշարձանը՝ հավերժացնելով Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակը: Այն ստեղծված է բրոնզի և գրանիտի համադրությամբ և սփյուռքում առաջին խաչքար-հուշարձանն է, որ տեղադրված է պետական հողի վրա:

2014 թ-ի սեպտեմբերին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային պատկերասրահում բացվեց Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին և Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին:

2015 թ-ի հունվարից սկսած «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը նախաձեռնեց ցեղասպանության իրազեկման վահանակների քարոզարշավը՝ «100 վահանակ ցեղասպանության 100ամյակին» խորագրով՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և Կանադայում բարձրացնելով էլեկտրոնային և ստատիկ վահանակներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին:

2014 թ-ին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Դանիել Վարուժան Հեճինյանը պարգևատրվել է հեղինակավոր Արշիլ Գորկի շքանշանով՝ արվեստի և մշակույթի ոլորտում՝ իր ակնառու նվաճումների համար:

2014 թ-ին՝ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կողմից նրան շնորհվել է նկարիչների միության պատվավոր անդամի վկայական:

Միացյալ Նահանգներում նա բազմիցս արժանացել է պատվոգրերի, մրցանակների և շքանշանների՝ իր արվեստի միջոցով խաղաղությանը նպաստելու, համամարդկային ներդրումների, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայրենիք – սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև սփյուռքում Հայաստանի հեղինակությունը բարձր պահելու համար: Նա արժանի է ճանաչման, բարձր գնահատանքի:

Հեղինե Գևորգյան

Scroll Up