Amnesty International-ին թույլ չեն տվել այցելել Բաքու

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ստիպված է եղել չեղարկել պլանավորված այցն Ադրբեջան, այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը վերջին պահին հրաժարվել է այդ իրավապաշտպան կազմակերպության պատվիրակությանը թողնել Բաքու, ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է contact.az-ը:
Այցը, որի ընթացքում նախատեսված էր «Ադրբեջան. ճնշումներ՝ Եվրախաղերի ֆոնին» խորագրով ճեպազրույցի անցկացում, չեղարկվել է, երբ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ «Ադրբեջանն ի վիճակի չէ այս պահին ընդունել Amnesty International-ին»:
«Ծիծաղելի է, որ միջոցառումը չեղարկվել է այն պահին, երբ Եվրոպական խաղերին ընդառաջ երկրում քննադատական ձայները պարբերաբար ճնշվում են: Երկրի իշխանությունները փորձում են Եվրոպական խաղերի շուրջ առանց քննադատության գոտի ստեղծել»,-ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:
«Այս խաղերը հեռու են մամուլի ազատության արժեքներից ու մարդկային արժանապատվությունից, որն ամրագրված է Օլիմպիական կանոնադրության մեջ»,-ասել է նա:
«Վերջին տարիներին Ադրբեջանում լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմության անդամներն ու երիտասարդ ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում, ձերբակալվում են:
Նման պահվածքն ավելի է սրվել խաղերի նախաշեմին:
Ադրբեջանում առնվազն 20 ակտիվիստ է ձերբակալվել բացառապես իր ազատ արտահայտվելու իրավունքը դրսևորելու համար:
Նրանցից ոմանց հարկերից խուսափելու, խարդախությունների, խուլիգանության և անգամ՝ պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել։
Շատ այլ ակտիվիստներ լքել են երկիրը՝ վախենալով իրենց ու իրենց ընտանիքներին ուղղված սպառնալիքներից»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Եվրոպական խաղերը բացառիկ հնարավորություն են երկրում մարդու իրավունքների բարելավման համար: