Դավութօղլուի կուսակցության ներկայացուցիչները շարունակում են անցնել քրդական կուսակցության շարքերը
Թուրքական Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 9 անդամ անցել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը:
Թուրքական Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունը լքած անդամների թվում են նաև գավառի քաղաքային խորհրդի անդամներ:
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող կուսակցությունը լքելու այս դեպքն առաջինը չէ: Օրերս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լքելով քրդական կուսակցության շարքերն էին անցել նաև Վարթո գավառի ներկայացուցիչները: Նման դեպքեր գրանցվել են նաև այլ քաղաքներից և գավառներից:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: