Կանադահայ համայնքը Ցեղասպանության տարելիցի քայլարշավ ու ոգեկոչման արարողություն է իրականացրել

Կանադայի Տորոնտո քաղաքում բազմահազարանոց քայլարշավ և հիշատակի միջոցառում է անցկացվել՝ Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Քայլարշավին մասնակցել են ոչ միայն հինգ հազարից ավելի տորոնտոբնակ հայեր, այլև զանազան համայնքների ներկայացուցիչներ, նրանց թվում՝ պոնտացի հույներ, ասորիներ, հրեաներ, քուրդեր, ռուանդացիներ և կիպրոսցիներ:

Այս մասին «Արմենպրես»­-ին հայտնեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կանադահայ թեմից: Միջոցառմանը մասնակցող պատվավոր հյուրերի շարքում են եղել Օնտարիոյի վարչապետ Քաթլին Ուեյնը, ազգային պաշտպանության և մուլտիկուլտուրալիզմի նախարար Ջեյսն Քենին, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, դաշնային և նահանգային կառավարությունների ներկայացուցիչներ, Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, դիվանագետներ, Գերաշնորհ Հայրեր՝ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը, այլ հոգևոր հայրեր եւ համայնաքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման գլխավոր բանախոսը կանադահայ հանրանճանաչ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն է եղել:

Պատվավոր հյուրերի ելույթից հետո սկսվել է Միասնության երթը՝ Քուինզ Պարկից դեպի Տորոնտոյի Մետրոպոլիտեն Յունայթեդ եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել Միջհամայնքային Հանդիսավոր Հավաքական Աղոթքի արարողությունը: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջեկեղեցական արարողությունը կազմակերպվել է Տորոնտոյի Հայ եկեղեցիների միջհարանվանական մարմնի կողմից՝ անդամակցությամբ Սբ Երրորդություն Հայ Առաքելական, Սբ Աստվածածին Հայ Առաքելական, Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանչական եկեղեցիների: Իրենց համատեղ եւ միասնական ելույթով արարողությանը մասնակցել են նաև վերոհիշյալ եկեղեցիների երգչախմբերը: Իսկ բազմաքանակ հավատացյալ ժողովուրդը իր աննախընթաց ներկայությամբ լցրել է ոչ միայն եկեղեցին, այլև եկեղեցու բակը: Տորոնտոյի Հայ եկեղեցիների Միջհարանվանական մարմնի կողմից բացման խոսքով հանդես է եկել Սբ Երրորդություն Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Զարեհ ավագ քահանա Զարգարյանը: Նա բարի գալուստ է մաղթել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին, Կանադայի դաշնային եւ նահանգային կառավարությունների ներկայացուցիչներին ու պատվավոր հյուրերին: Զարեհ ավագ քահանա Զարգարյանը հատուկ գնահատանքի եւ շնորհակալության խոսք է ուղղել Տորոնտոյի Կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Թովմաս կարդինալ Քոլինզին, Կանադայի Անգլիկան եկեղեցու Տորոնտոյի թեմի առաջնորդ Քոլինզ արքեպիսկոպոս Ջոնսոնին, Միսիսագայի և Վանկուվերի Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Մինային, ինչպես նաև Հույն Ուղղափառ եկեղեցու, Կանադայում Եթովպիայի Սրբազան սինոդի, Կանադայի Պրեսբիտերեկան եկեղեցու, Մետրոպոլիտեն Յունայթեդ եկեղեցու, Սբ Մարկոս Ղպտի Ուղղափառ եկեղեցու, Կանադայի Միացյալ եկեղեցու (United Church) բարձրաստիճան հոգևորականներին և Կանադայի Եկեղեցիների խորհւրդին: Հայաստանի Հանրապետութան կառավարության կողմից ելույթ է ունեցել դեսպան Արմեն Եգանյանը, իսկ կանադահայ հավատացյալ ժողովրդի անունից՝ Գերաշնորհ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Գերշնորհ Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը: Արարողության ընթացքում քարոզել է Տորոնտոյի Կաթողիկե Համայնքի հոգևոր առաջնորդ Թովմաս կարդինալ Քոլինզը՝ իր քարոզը նվիրելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս հոգեպարար էկումենիկ արարողությամբ հավուր պատշաճի հարգանքի տուրք է մատուցվել բոլոր անմեղ զոհերի հիշատակին՝ քաջալերելով բոլորին շարունակել պայքարը մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի բռնությունների դեմ:

Scroll Up