Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներ Միացյալ թագավորությունում

Մայիսի 10-ին Վեսթմինսթերի աբբայությունում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ներկայությամբ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հիշատակի և գոհաբանության պատարագ:
Միջոցառմանը ներկա էին Արքայազն Չարլզը, ՄԹ վարչապետ Դեվիդ Քեմերոնը, հասարակական-քաղաքական գործիչներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև վետերաններ և նրանց ընտանիքի անդամներ: Արարողությանը ներկա էր նաև ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Եկեղեցական արարողությունն իրականացվեց Վեսթմինսթերի աբբայության ռեկտորի կողմից: Ուղերձով հանդես եկավ Քենթերբերիի արքեպիսկոպոսը: Արարողությունից հետո Լոնդոնի կենտրոնական փողոցներով անցնող շքերթով եզրափակվեցին Միացյալ Թագավորությունում անցկացվող` հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները:
Նախորդ օրը` մայիսի 8-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Կայսրական պատերազմական թանգարանին հարող Ջերալդին Մերի Համսֆորթ Պարկում, որին ներկա էին քաղաքապետեր, բրիտանացի հասարակական-քաղաքական գործիչներ, վետերաններ:
Լոնդոնում հավատարմագրված ԱՊՀ երկրների (այդ թվում` Հայաստանի) դեսպանները և դիվանագետները ծաղկեպսակ զետեղեցին Պարկի տարածքում տեղադրված պատերազմի սովետական հուշարձանին:
Այս մասին հայտնում է ԱԳն-ն: