Իտալական Rai պետական ռադիո ընկերության լրագրողը այցելեց Նոր Ջուղայի «Արարատ» միություն

Օրերս իտալական Rai պետական ռադիո-ընկերության լրագրող Կարմելա Ջիգլիոն և նրան ընկերակցող աշխատակազմը այցելեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության կենտրոնատեղի: Նրանք նախ շրջեցին միության բաժանմունքները, ապա Կենտրոնական գրասենյակում նրանց ընդունեցին միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչները և միության թղթակիցը: Այցի նպատակն էր ռադիո-հաղորդում պատրաստել Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության և ընդհանրապես Նոր Ջուղայի մասին:

Լրագրողը հարցազրույց ունեցավ Կենտրոնական վարչության անդամ և Իրանի կանանց բասկետբոլի մարզիչ Այլին Մելիքյանի հետ, ով բացադրություններ փոխանցեց միության մարզական կյանքի, ինչպես նաև համահայկական խաղերի կապակցությամբ, հատկապես նշեց Հայաստանում իրականացվող Համահայկական խաղերին մասնակցելու առումով Իրանի պետության հովանավորության մասին:

Վարչության քարտուղար Միգանուշ Տեր-Մարտիրոսյանն ընդհանուր գծերով անդրադարձավ միության դրվածքին ու աշխատանքներին, հատկապես կենտրոնացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված ծրագրերին: Նա կարևորությամբ ընդգծեց ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագի ընթացում Հռոմի պապի ելույթը, որով Հռոմի Պապը 1915 թվականին տեղի ունեցածը որակել է Ցեղասպանություն: Նա ողջունեց Հռոմի Պապի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչելու կարևոր երևույթը:

Մշակութային պատասխանատու Լորետա Դավթյանը բացատրություններ փոխանցեց մշակութային միավորի աշխատանքների և Իրան-Հայաստան մշակութային կապերի մասին, նաև Հայաստանում իրականացվող մշակութային փառատոներին խմբերի մասնակցության կապակցությամբ, իսկ վերջում տեղեկություններ հաղորդեց Հայոց ցեղասպանությանը նվիրված մշակութային միջոցառումների վերաբերյալ:

Միության թղթակից Երանուշ Թահմազյանը ընդհանուր գծերով ներկայացրեց Նոր Ջուղայի հայ համայնքի դրվածքը, անդրադարձավ Իրանում լույս տեսնող հայկական «Ալիք» օրաթերթին, ինչպես նաև Նոր Ջուղայում հրատարակվող «Նոր Ջուղայի տեղեկատու» երկամսյա պարբերականին, որոնց հետ համագործակցում է թղթակիցը: Ապա ներկայացնելով ապրիլի 13-ին «Ալիք» օրաթերթում լույս տեսած համարը՝ նշեց Հռոմի Պապի ելույթի արձագանքը հայկական լրատվամիջոցներում:

Rai ռադիո-ընկերության լրագրողին հետաքրքրեց «Ալիք» օրաթերթի ճակատում տեղադրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի լոգոտիպը` անմոռուկ ծաղիկը, որի խորհրդանշական իմաստի մասին ևս բացադրություն տրվեց նրան:

Հանդիպման մասնակիցները պատասխանելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ուղղությամբ կատարված հարցադրումներին՝ ցավ հայտնելով ասացին, որ ցավալի է, որ դեռևս իրականանում են նման ոճրագործություններ և չեն ցանկանում, որ որևէ ժողովրդի նկատմամբ տեղի ունենա նման ողբերգություն: Նրանք համոզում հայտնեցին, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգայնորեն չի դատապարտվել այն, աշխարհում դեռ ականատեսն ենք լինելու նման անմարդկային երևույթների:

Scroll Up