Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկներին ամենից շատ գրավում են վանքերը

Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկներին ավելի շատ հետաքրքրում են վանքերը, երեքշաբթի լրագրողներին ասաց «Շելբի տուր» (Shelby tour) ընկերության տնօրեն Մարինե Ավետիսյանը։
«Մենք պետք է աշխատենք, որ Հայաստանը հետաքրքիր լինի ոչ միայն իր մշակույթի տեսակետից, այլ նաև զբոսաշրջության ոլորտի նորամուծություններով», – նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով` երիտասարդությանը, որպես կանոն, հետաքրքրում են էքստրեմալ զբոսաշրջությունը, քեմփինգները, ինչպես նաև` որսորդական, մարզական զբոսաշրջությունը։
Նա նաև նշեց, որ ոլորտի մասնագետների հիմնական խնդիրն է պատշաճ կերպով ներկայացնել երկիրը օտարերկրյա զբոսաշրջային շուկայում, բարձրացնել երկրի գրավչությունը բոլոր տարիքի զբոսաշրջիկների համար։
Ավետիսյանը նաև ասաց, որ վերջերս դրական միտում է նկատվում ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա զբոսաշրջության ոլորտում։ «Ներգնա զբոսաշրջության համատեքստում 2014թ.–ին մենք բավականին լավ ցուցանիշներ ենք գրանցել», – ավելացրեց Ավետիսյանը։
Խոսելով արտագնա զբոսաշրջության մասին` փորձագետը պարզաբանեց, որ Հայաստանի բնակիչների համար շարունակում են առաջնահերթ մնալ ինչպես դեպի Եվրոպա, այնպես էլ ԱՄԷ կազմակերպվող շրջագայությունները։ «Ձմռանը տարածված էին էկզոտիկ շրջագայությունները դեպի Թաիլանդ, Շրի Լանկա, Մալդիվներ», – ավելացրեց Ավետիսյանը։
Նա նշեց, որ և՛ ձմռանը, և՛ ամռանը հայ զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է այցելել հարևան Վրաստան, քանի որ այս ուղղությամբ գները, ամառային այլ զբոսաշրջային փաթեթների համեմատ, ավելի մատչելի են։
Էկոնոմիկայի նախարարության տվյալով` Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.3 տոկոսով և գերազանցել 1.2 միլիոնը։ Ներգնա զբոսաշրջության ոլորտում նույնպես էական աճ է գրանցվել. ցուցանիշը 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 28.4 տոկոսով և հասել 859 հազարի։