Աշխարհի 7 երկրների 12 քաղաքներում Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմեր են ցուցադրվել

Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի անձնակազմն այսօր լրագրողներին ներկայացրեց իր նախաձեռնած եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Այլեւս երբեք» խորագրով կինոցուցադրությունների ծրագրի մանրամասները, որը բաղկացած է երկու փուլից:
Ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ «Այլեւս երբեք»-ի ընթացքը տրվել է այս տարվա փետրվարին: Կինոցուցադրություններ են կազմակերպվել 7 երկրների 12 քաղաքներում` Բելառուս, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վիլնյուս, Ստամբուլ:
Բոլոր երկրներում ցուցադրվել են ֆիլմեր, որոնք պատմում են հայ ժողովրդի 100-ամյա ցավի մասին: «Կարելի է ասել, որ այսպիսի լուրջ եւ մեծածավալ ակցիա դեռ չէր եղել: Կինոարվեստն ամենակարեւոր զենքերից է, որով կարող ես խոսել աշխարհի հետ ու պատմել քո ցավի մասին»,-նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Կազմակերպիչները, որպես ծրագրի կարեւոր ձեռքբերում, նշում են Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունը Ստամբուլի միջազգային կինոփառատոնում, որն, ի դեպ, առանց սկանդալների չանցավ: Հարություն Խաչատրյանի խոսքով` Թուրքիայի կառավարությունն արգելեց քրդանպաստ ֆիլմերի ցուցադրությունը, ինչից հետո փառատոնի մասնակից բոլոր ռեժիսորները, որպես բողոքի նշան, միահամուռ որոշեցին չցուցադրել իրենց ֆիլմերը:
«Այլեւս երբեք» ծրագրի առաջին փուլը կտեւի մինչեւ «Ոսկե ծիրան-2015»-ի մեկնարկը, իսկ երկրորդ փուլը կսկսվի օգոստոս ամսին:
Շուշան Շատիկյան