Ծաղկազարդի տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/29-1.jpg)
Մարտի 29-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսաւորութեամբ նշեց Ծաղկազարդը` մեր Տէր Յիսուս Քրիստոսի` Երուսաղէմ յաղթական մուտքի տօնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակուել է նաեւ իբրեւ մանուկների օրհնութեան օր:
Առաւօտեան ժամերգութեան աւարտից յետոյ, նախագահութեամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի բակում շարականի երգեցողութիւնից ու օրուայ խորհրդին հարազատ աւետարանական հատուածների ընթերցումից յետոյ կատարուեց նաեւ Անդաստանի արարողութիւն ու մանուկների օրհնութեան կարգ: Այնուհետեւ Նորին Սրբութիւնն իր գնահատանքը բերեց մանուկների ծնողներին, որոնք, գիտակցելով օրուայ խորհուրդը, իրենց զաւակների հետ միասին Ծաղկազարդի բերկրալից օրը տօնախմբում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Վեհափառ Հայրապետն աղօթք վերառաքեց առ Բարձրեալն Աստուած, որպէսզի Երկնաւոր Տէրն Իր բարի ու քաղցր հայեացքի տակ պահի բոլոր մանուկներին` Իր սիրոյ ու խնամքի մէջ աճ եւ հասակ պարգեւելով ամէնքին, որպէսզի լինեն ազգի աստուածասէր ու հայրենասէր զաւակներ` իրագործման առաջնորդելով հայ ժողովրդի բոլոր բարի իղձերն ու սպասումները:
«Պահպանիչ» աղօթքից յետոյ Հայոց Հայրապետը փոքրիկներին տօնի առիթով խաչեր նուիրեց, իսկ ներկայ հաւատաւոր ժողովրդին բաժանուեցին ուռենու օրհնուած ճիւղեր:
Ապա Մայր Տաճարում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տօնի հոգեւոր պատգամը` միաժամանակ նշելով, որ այս կանաչ ու ծաղկուն տօնը բոլոր Քրիստոնէական Եկեղեցիները տօնում են հէնց այս նոյն օրը:
«…Մեզ համար յատկապէս տօնախմբելի է, որ Յիսուս Երուսաղէմ իր մուտքին ցոյց տուեց ճանապարհը եւ Աստծու տնօրինութեան եւ առաքելութեան ճշմարտութիւնը. այն ճանապարհը, որով այսօր Յիսուսի առաքելութիւնն է շարունակում Եկեղեցին: Եկեղեցին այդ արահետով է գնում: Անցաւ 2000 տարի այդ օրուանից. արդեօ՞ք երբեմն մտածում ենք` ինչը փոխուեց. դժբախտաբար, շատ քիչ բան փոխուեց: Այսօր այն վերաբերմունքը, ինչ որ ցուցաբերեց ժողովուրդը մեր Տէր Յիսուսին, ցուցաբերւում է նրա առաքելութիւնը երկրում շարունակողի նկատմամբ. այսօր մենք յաճախ ենք լսում` տրտնջում են, դժգոհում են, ակնկալում են Եկեղեցուց այն, ինչը Եկեղեցու առաքելութիւնը եւ անելիքը չէ: Եւ երբ իրենց ակնկալիքները չեն իրականանում, շրջւում են եւ մոռանում օւսաննաները: Սակայն, Եկեղեցին երբեք սիրելու, սիրաշահուելու լայն ճանապարհը չի ընտրում, այլ այն նեղ ու դժուարին արահետը, որ տանում էր Երուսաղէմ եւ որով Յիսուս գնաց` իմանալով հանդերձ, որ այնտեղ խաչի մահը պիտի ընդունի»,- ասաց պատարագիչ Նաթան Սրբազանը:
Իր քարոզում Սրբազանը մատնացոյց արեց Մայր Տաճարում հաւաքուած մանուկներին` նշելով, որ նրանք ոչ թէ ակնկալիքի համար են ուրախանում, այլ նրանց ուրախութեան միակ աղբիւրը Տիրոջ հետ լինելը, Տիրոջ օրհնութեան ներքոյ լինելն է: Նաթան Սրբազանը նաեւ մեծերին յորդորեց, որպէսզի իրենց աչքի առջեւ այս մանուկների օրինակն ունենան` մաքրութունը, անաչառութիւնը եւ անանց ուրախութիւնը, որ Տիրոջ հետ իրապէս միաւորուած եւ Նրա օրհնութեան ներքոյ լինելով են տեղ գտնում մարդկային կեանքում:
Ս. Պատարագի աւարտին դարձեալ կատարուեց մանուկների օրհնութեան արարողութիւն, որի ժամանակ բոլոր երեխաները հրաւիրուեցին Մայր Տաճարի ատեան, ուր վերստին Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնը բաշխեց նրանց: