Անցեալի ստեղծագործը՝ մերօրեայ նորարարը

1978 թւականին Թեհրանի երիտասարդ նորարարների ցուցահանդէսում Հմայեակ Իսաղուլեանը իր դասընկերոջ օգնութեամբ, որպէս միջնակարգ դպրոցի աշակերտներ՝ ներկայացրեցին իրենց իսկ ձեռքով պատրաստւած մեքենան՝ արժանանալով պատասխանատուների գնահատանքին:

Այն օրւանից անցել են 36 տարիներ եւ այսօր Հմայեակ Իսաղուլեանը Իրանի արհեստի նորարարների շրջանակում ունի իր պատւաւոր տեղը:

Ստորեւ նրա հետ ունեցած զրոյցը յանձնում ենք ընթերցողների ուշադրութեանը:

Հմայեակ Իսաղուլեանը ծնւել է 1960 թւականին՝ Թեհրանում: Նախնական ուսումը ստացել է «Իրան փիրուզ» դպրոցում, ապա արհեստագիտական միջնակարգ դպրոցում շարունակելով ուսումը՝ մեծ հետաքրքրութիւն է ցուցաբերել տեխնիկական ոլորտի նկատմամբ:

18 տարեկան հասակում իր դասընկեր Սուրէն Զամանեանի օգնութեամբ, երբ դեռ չէին աւարտել միջնակարգ արհեստագիտական դպրոցը, նորարարութեան դիմելով պատրաստել են փոքր ինքնաշարժ (մեքենայ), որը աշխատում էր թէ՛ բենզինով, եւ թէ՛ էլեկտրականութեամբ: Իսկ 1978 թւականին, դա բաւականին մեծ նորութիւն էր այդ բնագաւառում:

Իրենց պատրաստած ինքնաշարժով նրանք մասնակցում են այն ժամանակ Թեհրանում կայացած երկրի երիտասարդ նորարարների ստեղծագործութիւնների ցուցահանդէսին եւ արժանանում համապատասխան նախարարութեան գնահատանքին: Այդ առթիւ «Ալիք»-ի 1978 թւականի յուլիսի 3-ի համարում տպագրւել է Հմայեակ Իսաղուլեանի եւ իր ընկերոջ ցուցադրած մեքենայի լուսանկարը:

Արհեստագիտական դպրոցն աւարտելով՝ Հմայեակ Իսաղուլեանը անցնում է աշխատանքի հաստոցաշինութեան բնագաւառում, որը շարունակում է մինչեւ այսօր:

Արդէն 35 տարւայ իր փորձառութեամբ եւ կատարած նորարարութիւններով նա իր արժանավայել տեղն ունի այդ ոլորտում աշխատող աշխատակիցների եւ պետական համապատասխան շրջանակների մօտ:

Հմայեակ Իսաղուլեանը ամուսնացել է 1984 թւականին եւ ունի երկու դուստր:

Աւագը՝ Բիայնան՝ ուսանել է մանկական հոգեբանութիւն՝ գերլիսանս մակարդակով եւ մասնագիտացւած է երաժշտաթերապիա ճիւղում. կրտսերը՝ Ադանան՝ նոյնպէս ունի երաժշտական կրթութիւն եւ այժմ ուսանում է գերմաներէն թարգմանութեան ճիւղում:

Նրա հետ զրոյցը շարունակեցինք հետեւեալ հարցադրումներով.

– Անցեալ 35 տարիներում ի՞նչ փուլերից անցան ձեր մասնագիտական աշխատանքները:

– Արհեստագիտական դպրոցն աւարտելով եւ նկատի ունենալով Թեհրանի ցուցահանդէսում ձեռք բերւած յաջողութիւնը, աշխատանքի հրաւէր ստացայ Թեհրանում աշխատող մի քանի ընկերութիւններից, իվերջոյ գործի անցայ «Սաֆրիթեքնիք» ֆրանսիական ընկերութեան տեխնիկական եւ մեքենաշինութեան բաժնում:

Այստեղ հարկ եմ համարում նշել, որ իմ դպրոցական տարիներում, երբ բնակւում էինք Զարքեշ պողատայի Քեշաւարզ փողոցում, մեր տան բակը վերածւել էր իմ սեփական աշխատանոց-արհեստանոցի: Իմ աշխատանքի մեծ հովանաւորը հայրս էր, ով ինձ աշխատելու ազատութիւն էր տալիս: Եթէ չլինէր հօրս այդ հովանաւորութիւնը, անշուշտ չէի կարող նման յաջողութիւնների հասնել: Աւաղ, նրան շատ շուտ կորցրի. 1978 թւականին, երբ ես որպէս երիտասարդ նորարար՝ մասնակցել էի Թեհրանի ցուցահանդէսին, հեռուստատեսութեամբ հեռարձակւել էր իմ ներկայացրած մեքենան՝ որտեղ եւ ցուցադրել էին ինձ: Այն օրերին շատ քչերը հեռուստացոյց ունէին իրենց տներում: Հարեւանները հայրիկիս կանչել էին՝ դիտելու ինձ ցուցադրող հաղորդումը: Ցաւօք սրտի՝ ցուցահանդէսի վերջին օրը, երբ տուն հասայ՝ հայրս, որը տառապում էր ծանր հիւանդութեամբ, արդէն վախճանւել էր: Դա ծանր հարւած էր, սակայն որոշեցի նրա յիշատակը վառ պահելու համար շարունակել իմ սկսած աշխատանքը:

– Իսկ ե՞րբ էք հիմնադրել Ձեր սեփական արհեստանոցը:

– 1985-86 թւականներից մի խումբ ընկերներիս համագործակցութեամբ հիմնեցինք մեր սեփական արհեստանոցը: Իսկ 1991-92 թւականից առանձնանալով՝ հիմնել եմ իմ անձնական մեքենաշինութեան արհեստանոցը՝ նախ Դելաւարան պողոտայում, որը յետոյ փոխադրել եմ ներկայիս աշխատանոցը՝ Սազմանէ աբի շրջանում:

– Ընդհանրապէսորո՞նք են ձեր արտադրութիւնները եւ ինչ բնագաւառում էք աշխատում:

– Նախնական շրջանում աշխատել եմ «Իրան-խոդրօ» եւ «Սայփա» ընկերութիւնների հետ, որոնց մատակարարել եմ մեքենայի տարբեր մասեր: Ապա աշխատել եմ պաշտպանութեան նախարարութեան հետ՝ մատակարարելով որոշ արտադրութիւններ: Անցնող տասնամեակներում տարբեր գնահատագրերի եմ արժանացել պաշտպանութեան նախարարութեան կողմից, իսկ 2012 թւականին՝ պարգեւատրւել եմ որպէս լաւագոյն արտադրողի:

– Ո՞րն էք համարում ձեր աշխատանքի յաջողութեան գաղտնիքը:

– Նախ աշխատասիրութիւնը, հետեւողականութիւնը, ապա պատասխանատւութեան դրսեւորումը: Իմ աշխատանքի այս երկար տարիներում միշտ ձգտել եմ տիրապետել իմ մասնագիտական ոլորտի հետ կապւած օրւայ գիտութեանն ու նորութիւններին:

Աշխատասիրութեան կողքին՝ միշտ ցանկացել եմ նաեւ սովորել: Նորի եւ նորարարութեան նկատմամբ՝ միշտ հետաքրքրւած եմ եղել, եւ այսօր էլ համոզւած եմ, որ օրւայ գիտութեանը տիրապետելով եւ հետեւողականութեամբ մարդ կարող է մեծ յաջողութիւնների հասնել:

* * *

Վերջում յաջողութիւն մաղթելով պրն. Հմայեակ Իսաղուլեանին՝ ցանկանանք ապագայում եւս ականատեսը լինենք նրա եւ բոլոր հայ նորարարների առաւել ձեռքբերումներին:

http://alikonline.ir/

140619d02a

Scroll Up