Ծանօթացում՝ հայաստանեան աշխատանքային օրէնքներին եւ հնարաւորութիւններին

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ Հայաստանից Թեհրան է ժամանել մասնագիտական մի պատւիրակութիւն:

Յիշեալ մասնագիտական խումբը Թեհրանի հայկական միութիւններում կազմակերպւած եւ կազմակերպւելիք հանդիպումների ընթացքում բացատրութիւններ է փոխանցելու Հայաստանի աշխատանքային օրէնքների եւ հնարաւորութիւնների մասին:

Նոյն այդ ձեւաչափով  յունիսի 16-ի երեկոյեան Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր հանդիպում:

Սկզբում արտայայտւեց միութեան վարչութեան նախագահ Արբի Սարգսեանը՝ ներկայացնելով մասնագիտական խմբին եւ հրաւիրեց՝ արտայայտւելու Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանին:

Ապա խմբի ղեկավար Վարդան Մարաշլեանը համապարփակ զեկոյց ներկայացրեց «Վերադարձ Հայրենիք հիմնադրամ»-ի աշխատանքների մասին, որը հիմնադրւել է 2012 թւականին:

Վարդան Մարաշլեանի ասութեամբ՝ հիմնադրամի նպատակն է նպաստել այն հայերին, որոնք կայացել են Հայաստանում՝ աշխատանքային առումով:
Աւելի քան երկժամեայ հանդիպման ընթացքում, ուր սահիկենրի ու տեսաֆիլմի միջոցով բացատրւում էր հիմնադրամի աշխատանքները, ներկաներն ուղղեցին տարբեր հարցեր, որոնց սպառիչ պատասխաններ էին տալիս մասնագիտական խմբի անդամները:

Հանդիպմանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ դեսպանութեան անձնակազմը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացոցիչները, միութենականներ եւ խնդրով հետաքրքրւած հայրենակիցներ:

alikonline.ir

Scroll Up