Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրուել Տ. Աբգար վարդապետ Հովակիմեանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/unnamed15.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմեանի ընտրութիւնը Կանադայի հայոց թեմի առաջնորդի պաշտօնում:
Մայիսի 30-31-ին Կանադայի Միսիսոգայի Ս. Վարդան եկեղեցում, նախագահութեամբ թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի եւ ատենապետութեամբ տիար Ժաք Ստեփանեանի, թեմի 31-րդ Պատգամաւորական ժողովը Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել Մայր Աթոռի միաբան Տ. Աբգար վարդապետ Յովակիմեանին:
Կանադայի հայոց թեմը հաստատուել է 1984 թուականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմում այսօր գործում են տասնեօթ եկեղեցական համայնքներ:
* * *
Տ. Աբգար վարդապետ Հովակիմեանը (աւազանի անունը` Սամուէլ) ծնուել է 1972 թ. յուլիսի 23-ին, ք. Բաթումիում, Վրաստան:
1979-1989 թթ. սովորել եւ աւարտել է Բաթումիի հայկական Ստեփան Շահումեանի անուան միջնակարգ դպրոցը:
1989-1995 թթ. ուսանել է Էջմիածնի Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանում: Աւարտաճառը պաշտպանել է «Հայ դաւանաբանական մտքի արձագանքները Ս. Ներսէս Շնորհալու Մատթէի մեկնութեան մէջ» թեմայով:
1995 թ. հոկտեմբերին ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջեանի ձեռնադրուել է սարկաւագ եւ ծառայութեան կոչուել Մայր Աթոռում:
1996 թ. յունիսի 2-ին ձեռամբ Տ. Շահէ արքեպիսկոպոս Աճեմեանի ձեռնադրուել է կուսակրօն քահանայ` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութեան շարքերը:
1996-2001 թթ. ծառայել է որպէս Աջարիայի (Վրաստան) հոգեւոր հովիւ:
2001-2004 թթ. ուսանել է Զալցբուրգի համալսարանի Աստուածաբանութեան ֆակուլտետում:
2004 թ. պաշտպանել է «Հայ-լատին եկեղեցական յարաբերութիւնները 11-12-րդ դարերում» թեմայով աւարտաճառը եւ վերոնշեալ համալսարանում ստացել աստուածաբանութեան Մագիստրոսի կոչում:
2004 թ. մայիսից 2005 թ. հոկտեմբեր ամիսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ ծառայել է Վիրահայոց թեմում` իբրեւ փոխառաջնորդ:
2005 թ. հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ նշանակուել է Սիւնեաց թեմի փոխառաջնորդ:
2006 թ. ապրիլին պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրութեան մէջ» թեմայով եւ 2006 թ. մայիսին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսեանի ստացել մասնաւոր վարդապետութեան աստիճան:
2010 թ. մէկամեայ ուսման է մեկնել Կանադա:
2011 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ նշանակուել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
Հոգեշնորհ Հայր Սուրբը տիրապետում է հայերէն, ռուսերէն, վրացերէն եւ գերմաներէն լեզուներին: