Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ռումինահայ ուխտաւորներին

Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի հայոց թեմի Կոստանցա քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցու ուխտաւորներին՝ առաջնորդութեամբ հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Օշական քահանայ Խաչատրեանի:
Տէր Օշականը Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ ուխտաւոր հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկայացրեց համայնքի հոգեւոր-ազգային կեանքը:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը փոխանցեց ուխտաւորներին` կարեւորելով թեմի կողմից նման ուխտագնացութիւնների կազմակերպումը դէպի հայրենիք ու Սուրբ Էջմիածին, ինչն աւելի է սերտացնում կապը սեփական արմատների հետ: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ողջունեց եկեղեցական կառոյցների այն ծրագրերը, որոնք համախմբում են հայորդիներին եւ նպաստում նրանց ազգային ոգու եւ գիտակցութեան կերտմանը:
Վերյիշելով տարիներ առաջ Ռումինիայ կատարած հովուապետական այցը` Նորին Սրբութիւնը փաստեց, որ ականատեսն է դարձել ռումինահայութեան բարեպաշտ ոգուն ու Հայ Եկեղեցու հանդէպ ունեցած անսակարկ սիրուն ու հաւատարմութեանը: Գարեգին Բ. Կաթողիկոսը խօսեց նաեւ Ռումինիայի կեանքում հայ համայնքի ունեցած պատմական կարեւոր դերակատարութեան մասին: Հայոց Հովուապետը հաստատեց, որ ռումինահայ համայնքը հայ ժողովրդին պարգեւել է նշանաւոր եւ փառահեղ դէմքեր, որոնցից մէկն Երջանկայիշատակ Վազգէն Ա Հայրապետն է: Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ ռումինահայութիւնը կը շարունակի Հայ Եկեղեցուն մատռուակել արժանաւոր զաւակներ, ովքեր ներշնչուած Վազգէն Վեհափառի օրինակով իրենց ծառայութիւնը կը բերեն Մայր Աթոռի շէնացման եւ պայծառութեան գործին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորեց ուխտաւորներին իրենց զաւակներին դաստիարակել աստուածսիրութեան, հայրենասիրութեան ոգով եւ ազգային արժէքներով:
Հանդիպմանը Ռումինիայի հայոց միութեան Կոստանցայի մասնաճիւղի նախագահ Լիւիւ Մերդինեանը, իր խորին շնորհակալութիւնը յայտնելով Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելութեան եւ հայրական օրհնութեան համար, ընդգծեց, որ Կոստանցայի հայ համայնքը դարեր շարունակ կրել եւ փոխանցել է սերունդներին ազգային ինքնութեան պահպանման գիտակցութիւնը:
Վերջում Նորին Սրբութիւնն իր աղօթքն ու բարեմաղթանքները բերեց ուխտաւոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստուած նորոգի նրանց ուխտը եւ Իր առատ շնորհները հեղի նրանց վրայ` պարգեւելով գործոց յաջողութիւններ, որպէսզի կարողանան առաւել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը: