Ամերիկահայ Շնորհաշատ Բանաստեղծ Վազգէն Վանատուրի Գրքերի Շնորհանդէսը

Սոյն թուի Մարտի 6ին, երեկոյեան ժամը 6:30ին, հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ ամերիկահայ անուանի բանաստեղծ, ԱՄՆ ՀԳԼՄ (Հայ գրողների եւ լրագրողների միութիւն) նախագահ Վազգէն Վանատուրի երեք գրքերի՝ «Շարական Տաս Միլիոն Ձայնի Համար», «Լոյս Խեցու Մէջ» եւ «Ուրուանկար Փշէ Պսակով», գրքերի շնորհանդէսն ԱՄՆում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան բարձրագոյն հովանաւորութեամբ: Հրաւիրատոմսերով ներկայ էին ԱՄՆ ՀԳԼՄ բազմաթիւ անդամներ, այլ հասարակական կազմակերպութիւնների անդամներ, համակիրներ եւ հիւրեր: Մի քանի ժամ շարունակ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում գտնուող ԱՄՆում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան շէնքը, կարծես կախարդական փայտիկի օգնութեամբ, վերափոխուել էր մի մարդաշատ, վառ մշակութային օջախի:

Անչափ հետաքրքիր մշակութային իրադարձութեան՝ գրքերի շնորհանդէսի եւ գինեձօնի երեկոն վարում էր արհեստավարժ հանդիսավար եւ ասմունքող Սեդա Հայիրեանը: Բովանդակալից ելոյթներ ունեցան բանախօսներ Կարէն Խաչատրեանը (Խաչկար)՝ արձակագիր, ԱՄՆ ՀԳԼՄ փոխնախագահ, Սուրէն Ղազարեանը՝ բանաստեղծ, ԱՄՆ ՀԳԼՄ հիմնադիր անդամ եւ Սոնա Մկրեանը՝ գրող (արձակագիր եւ բանաստեղծ), ինչպէս նաեւ բանաստեղծներ Սվետլանա Տօնապետեանը եւ Վոլոդեա Գրիգորեանը, անուանի գրականագէտ Սամուէլ Դաւայեանը եւ այլոք:

Հանդիսավար Ս. Հայիրեանը հանդիսաւորութեամբ կարդաց ՀՀ ԳՄ նախագահ, մանկագիր, բանաստեղծ, նկարիչ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Էդվարդ  Միլիտոնեանի ջերմ ուղերձը՝ ուղղուած սիրելի բանաստեղծ Վ. Վանատուրին, ինչպէս նաեւ փոխանցուեց նրան ՀՀ ԳՄ պատուոգիր, իսկ ԱՄՆում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան հիւպատոս Արտակ Աւետիսեանը ՀՀ սփիւռքի նախարարութեան անունից բանաստեղծին յանձնեց «Վիլեամ Սարոյեան» շքանշան: Յայտարարուեց նաեւ, որ Վ. Վանատուրը ներկայացուել է ՀՀ ամենաբարձր պարգեւի՝ պետական մրցանակի, ինչպէս նաեւ ճանաչուել Սփիւռքի, վերջին հինգ տարիների լաւագոյն բանաստեղծը, որի համար նրան շնորհուել է «Ոսկէ մագաղաթ» մրցանակ եւ շքանշան:

0000Vanatour books

Բանաստեղծ Վազգէն Վանատուրի՝ գրքերի շնորհանդէսի ազդարարման պաստառը

Վազգէն Վանատուրը (Վազգէն Դաղբաշեան) աւարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտը: Ուսումը շարունակել է Մոսկուայի Գորկու անուան գրականութեան ինստիտուտում: Եղել է Կիրովականի «Մաշտոց», «Գրական Լոռի», «Լոռուայ Վերնատուն» պարբերականների գլխաւոր խմբագիրը: Հայրենիքում հրատարակուել են նրա «Հեթանոս Ափեր», «Նաւարկութիւն», «Մարդը Ստուերի Հետ», «Բիբլիական Անձրեւներ» բանաստեղծութիւնների ժողովածուները: ՀՀում նա բարձր գնահատականների է արժանացել թէ՛ գրական շրջանակների եւ թէ կառավարութեան կողմից՝ «Ոսկէ եղէգ» մրցանակ, «Մովսէս Խորենացի» շքանշան եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի անուան Ոսկեայ շքանշան:

Երեկոյի ընթացքում գրական հրապարակային ելոյթներին յաջորդում էին ԱՄՆ ՀԳԼՄ Արուեստի խմբակցութեան անդամների կատարումները, որոնք աւելի բովանդակալից ու հմայիչ էին դարձնում միջոցառումը: Այսպէս՝ հրաշալի կատարումներով հանդէս եկան օպերային երգչուհի, սոպրանօ Սօսի Աւագեան-Մարտիրոսեանը, ժողովրդական, գուսանական, հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական երգերի սիրուած երգիչ Նշան Ջաղացպանեանը, ասմունքող Սեդա Հայիրեանը, արձակագիր եւ ասմունքող Մարգարիտա Դերանցը, կիթառահար եւ երգիչ Ժիրայր Բարսամեանը եւ ուրիշներ: Մ. Դերանցն արտասանեց Վ. Վանատուրի, «Ճերմակ Վարդեր, Տիկի՛ն» բանաստեղծութիւնը.

Նա երգերի ճերմակ ծաղկաբոյլը գրկին՝

Ձեր դռների սուգն է բաց ու փակում հերթով,

Ճերմակ վարդեր կ՛ուզէ՞ք, ճերմակ վարդեր, տիկի՛ն,

Որ զուգուի Ձեր սիրոյ միայնութիւնը անթով…

Մի հիասքանչ անակնկալ մատուցեց ներկաներին Ժ. Բարսամեանը: Նա երգեց Վ. Վանատուրի խօսքերով, իր կողմից գրուած երաժշտութեամբ, «Ապրիլեան տղերք» երգը.

Այդպէս մօտիկ-մօտիկ, այդպէս ըմբոստ՝ անմեղ,

Նոյն կարօտի ու տան, նոյն աղօթքի տղերք…

Մի ուրիշ հաճելի անակնկալ մատուցեց ներկաներին եւ, յատկապէս Վ. Վանատուրին, Ս. Հայիրեանը: Նա բանաստեղծին ուղղուած փոքրիկ, բայց անչափ հետաքրքիր մէջբերումներ կարդաց, որոնք հնչել էին բանաստեղծ Համօ Սահեանի, արձակագիր Հրանտ Մաթեւոսեանի, լեզուաբան Տիգրան Աւետիսեանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սօս Սարգսեանի, գրաբարագէտ Մհեր Բեժանեանի եւ այլոց շուրթերից:

Եթէ բանաստեղծի՝ աւելի վաղ շրջանի բանաստեղծութիւնների մէջ գերիշխում էր քնարականը, ապա աւելի հասուն տարիքում քնարականին աւելանում է նաեւ իմաստասիրականը… Հնարաւոր չէ իմաստասէր չլինելով, հասկանալ նրա պօէզիայի խորութիւնը:

Չէ՞ որ դու ես մեզ ընտրել ու մեղքի

Ջրերի միջով քառասուն գիշեր

Բերել մեր հոգու նաւահանգիստը,

Որն ի սկզբանէ եւ յաւիտեանս

Երկիրն է եղել մեր միակ Աստծոյ,

Ըղձանքը հոգու եւ պատարագը

Սրտի ու բանի…

(«Շարական Տաս Միլիոն Ձայնի Համար…» պօէմից)

Բանաստեղծը գրում է նաեւ արձակ բանաստեղծութիւններ, որոնք նման են արձակի, բայց ինչպէս բանաստեղծութիւնների մէջ, շաղախուած են միմիայն յոյզերով ու խորը զգացումներով.

«Ես տեսել եմ նրա սէրը, մի մեծ վանդակ՝ երկուսի համար, որ նա քարշ է տալիս իր հետ յիշողութեան քաղաքներում դեգերելիս, ուր աշունն է ուրուականի պէս քաշքշում փեշերից…»։

(«Կինը՝ Ամօթխած Եղրեւանու Թովչանքով…» բանաստեղծութիւնից)

Բանաստեղծն ընդվզում է 100ամեայ ուրացման դէմ է եւ Տէրերի վերադարձի մասին է խօսում.

…Եւ տոհմածառի լալկան աշունը

Կռունկի լացով պարուրեց նրան,

Խառնելով հոգու վերջին գիշերը

Սուրբ նահատակաց աճիւնափոշուն…

Որ միլիոն ու կէս գումարած մէկով,

Եղեռնամշուշ լռութեան մէջ հուսկ՝

Լերան աղօթքով պահի մեր հողը,

Մինչեւ Տէրերի վերադարձը սուրբ…

(«Շարական Տաս Միլիոն Ձայնի Համար…» պօէմից)

Վ. Վանատուր բանաստեղծը յաճախ յուզում է, դիւթում եւ կարծես ջութակի քնքուշ, բեկբեկուն հնչիւններն են շոյում լսողութիւնդ, երբ ընթերցում ես նրա բանաստեղծութիւնները.

Մի նաւակ անտես հեռացաւ ափից…

Ո՞վ գիտէ, գուցէ մշուշը տարաւ,

Լռութիւն էր ու… մթան սօսափից

Ընկնող գիշերը՝ ջրասոյզ կարապ…

(«Անդարձութիւն» բանաստեղծութիւնից)

Գրական երեկոն աւարտուեց գինեձօնով: Ներկաները հնարաւորութիւն ունեցան ոչ միայն ճաշակելու հայկական նրբահամ գինիներ, խորտիկներ, տօնական համեղ տորթ՝ պատրաստուած մի մեծ գրքի նմանութեամբ, այլ նաեւ՝ մտքերի փոխանակութիւն կատարել արուեստագէտ եւ արուեստասէր լոսանջելեսեան հասարակութեան լաւագոյն ներկայացուցիչների հետ:

«Ասպարէզ»

Scroll Up