Արնիա Մաճարեանը «Ապրում-Շնչում Է Հայաստան-Արցախով»

«Ասպարէզ»- Հայապահպանութիւնն այսօր Սփիւռքի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից է: Ծնուած լինելով հայրենիքից հեռու, մեծանալով օտար միջավայրում, շփուելով այլազգիների հետ՝ շատ դժուար է պահպանել հայեցի կերպարը: Հայ երեխաներին հայոց լեզուին, մշակոյթին, պատմութեանը հաղորդակից դարձնելու գործում հայկական կրթօջախների կողքին քիչ աշխատանք, ջանք ու եռանդ չեն խնայում նաեւ հայ ծնողները: Եւ հէնց այսպիսի ընտանիքներում ծնունդ առած ու դաստիարակուած հայ զաւակներն են հետաքրքրւում հայրենիքի ճակատագրով, ապրում նրա հոգսերով, ցաւերով եւ ձգտում հնարաւորինս մեղմել դրանք:
ԱՄՆ Լոս Անջելեսի Թարզանա քաղաքում ծնուած Արնիա Մաճարեանն առաջին անգամ ուսուցիչների եւ դասընկերների հետ Հայաստան էր ժամանել 2015թ. Մայիսին: «Փոքր հասակից Հայաստանն ու Արցախը շատ կարեւոր տեղ են գրաւել սրտիս մէջ», ասում է Արնիան ու աւելացնում, որ 2015թ. Հայաստան եւ Արցախ կատարած այցը մեծ տպաւորութիւն է թողել: «Այստեղ ծանօթացայ երեխաների հետ, որոնց չափազանց մտերիմ ու հարազատ զգացի: Ինձ վրայ շատ ազդեց Արցախում երեք փոքր եղբայրների հետ հանդիպումը, որոնցից մէկը իր չափից մեծ կօշիկ էր հագել», նշում է Արնիան: Եւ այդ պահին էլ որոշել է՝ վերադառնալով ծննդավայր ամէն կերպ ջանալ օգտակար լինել Հայաստանում ու Արցախում բնակուող իր քոյրերին ու եղբայրներին:
Եւ սկսեց պարբերաբար տարբեր կապոցներ պատրաստել եւ ուղարկել՝ փոքրիկների համար նախատեսուած գրենական պիտոյքներ, խաղալիքներ, հագուստներ, զինուորների համար նախատեսուած պարագաներ…
Հայ Օգնութեան Միութեան Արցախի մասնաճիւղի ատենապետուհի Ռուզաննա Աբրահամեանի խօսքով՝ Արնիայի նման աղջիկները, ցաւօք, քիչ են: «Շատ երիտասարդներ այսօր միայն հաճոյքների յետեւից են ընկած, ապրում են օրով: Բայց նա, գտնուելով հեռաւոր Ամերիկայում, ապրում-շնչում է Հայաստան-Արցախով: Նա ազնիւ, լուսեղէն հոգի ունի եւ ձգտում է իր հոգու ու մտքի հպարտութեամբ ճոխացնել հայրենիքը: Արնիան իր արածով խոնարհւում է այսօրուայ արիւնոտ կռուի հերոսների առջեւ: Այսպիսին լինելու համար նա պարտական է իր հայ օջախին, իր ծնողներին, ովքեր նրան իմաստուն դաստիարակութիւն են տուել»:
Արնիա Մաճարեանը ծնուել է 1998թ. Լոս Անջելեսի Թարզանա քաղաքում, որտեղ ապրում է ծնողների՝ Սահակ եւ Սիւզի Մաճարեանների աւանդական ընտանիքում: Սովորել է Սրբոց Նահատակաց Ֆերահեան Ազգային վարժարանում եւ աւարտել այն 2016ին: Ի դէպ, ՀՕՄի Մոնթեպելլոյի «Մարօ» մասնաճիւղը ամէն տարի դրամական պարգեւ է շնորհում Ֆերահեան վարժարանի աւարտական դասարանի աշխատասէր եւ պարտկեշտ որեւէ աշակերտի: ՀՕՄի տեղի վարչութեան որոշումով Ֆերահեանի մրցանակին 2016թ. Արժանացել է հէնց Արնիան: Այժմ Արնիան ուսանում է Կալիֆորնիայի «Փեփերդայն» համալսարանում: Եւ, չնայած համալսարանական կեանքի ծանրաբեռնուածութեանը, չի մոռանում նաեւ միւսներին աջակցելու մասին: Ինչպէս տեղեկանցնում են ՀՕՄի Արցախի գրասենեակից, վերջերս Արցախ է հասել Արնիայի ուղարկած հերթական կապոցը: Արնիան հայերէնն ու հայ մշակոյթը պահելով, եւ, իր հնարաւորութեան սահմաններում օգտակար լինելով, իրեն զգում է Հայաստանի ու Արցախի մի մասնիկը. «Ամէն սփիւռքահայ պարտաւոր է իր հնարաւորութեան սահմաններում օգտակար դառնալ Մայր Հայաստանին ու Արցախին: Կարեւորագոյնն այն է, որ Սփիւռքում ապրող հայը իր պարտականութիւնն ու սէրը զգայ հայութեան հանդէպ»:
Կարծում ենք, որ հայրենիքի մասին մտածելը եւ հոգ տանելը իւրաքանչիւր հայի սրբազան պարտքն է՝ անկախ տարիքից եւ բնակութեան վայրից: Դա առաքելութիւն է, որը գովասանքի եւ շնորհակալական խօսքերի կարիք չունի: Բայց հաճելի ու միաժամանակ յուսադրող է այն փաստը, որ Արցախի համար ոկիանոսից այն կողմ տրոփում է մի երիտասարդ սիրտ:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ