«Հալեպի մասին լուրերը պետք չէ առնիլ պատահական մարդկանցից». Մարիա Գաբրիելյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Maria-Kangzasar.jpg)
«Հայերն այսօրը» ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակից Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի թղթակից Մարիա Գաբրիելյանի ելույթը:
-Իմ խոսքս ավելի շատ մտահոգություն է, որ կուզեմ կիսել ձեզի հետ: Սուրիոյ պատերազմի անցնող 6 տարիներու ընթացքին այս մտահոգությունը կար, սակայն հիմա, Հալեպի տագնապի օրերուն ավելի սրված է: Անշուշտ, մամուլը միշտ արտահայտած է իր անհանգստություններն ու ցավը, որու համար շնորհակալ ենք: Սակայն, հաճախ, ոչ ճիշտ աշխատանքի պատճառով՝ կացությունն ավելի կսրվե և կդժվարացնե մեր աշխատանքը:
Այս օրերուն, ցավալիորեն գտնվեցան թերթեր, նույնիսկ ռադիոկայաններ, որոնք Հալեպի մեջ տիրող իրավիճակի մասին լուերն առին պատահական, անձնական շահեր հետապնդող անձերեն և ընդհանրացրեցին:
Մենք Հալեպի մեջ ունինք «Գանձասար» շաբաթաթերթ, ունինք ռադիոկայան, «Շտապ օգնության մարմին», կան ազգային և հոգևոր կառույցները, կա Սփյուռքի նախարարությունը, որը կտիրապետե բոլոր անցուդարձին, ուրեմն, հարկ չկա, որպեսզի պատահական տեղերեն և պատահական մարդոցմե առնիք լուրերը:
Երբ որ Հալեպի մեջ չենք, Հալեպի դաշտին մեջ չենք գործեր՝ չտանք մեզի իրավունք և պատահական մարդոց հետ կապվելով՝ ըսենք, թե Հալեպի մեջ իրավիճակն այս է:
Հետևաբար, խնդրանք՝ բոլոր լրատվամիջոցներուն. Հալեպի մասին լուրերը պետք չէ առնիլ պատահական մարդկանցից, դուք բոլորդ ունիք մեր տվյալները և կրնաք կապվիլ մեզի հետ, բայց եթե ատիկա անհնար է, կապվեք Սփյուռքի նախարարության հետ, ուրու հետ մենք մշտական կապի մեջ ենք: